Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին, հասկանում եմ` նրա սիրտը «Lydian» ընկերության բաժնետոմսերում է. Փոստանջյան
2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների իրադարձություններից հետո, առաջին անգամ լայն հանրությունը եւ կառավարությունը բախվում են համակարգային` հեղափոխական որոշման ընդունման հարցին: Այս մասին հայտարարություն է տարածել «Երկիր ծիրանի» կուսակցությունը:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Լայն հանրության եւ կառավարության օրակարգում է Ամուլսարի հանքի շահագործման կամ դադարեցման հարցը: Այս հարցի լուծումը իր մեջ ներառում է համակարգային խնդիրներ:
Լայն հանրությունը եւ ազդակիր համայնքը` ՀՀ Վայոց Ձորի մարզի Ջերմուկի, Գնդեվազի եւ Կեչուտի բնակիչները դեմ են արտահայտվում Ամուլսարի հանքի շահագործմանը: ՀՀ կառավարությունը ունենալով հիմնավոր փաստեր եւ փաստարկներ դեռ հապաղում է վերջնական ոչ ասելու Ամուլսարի հանքի շահագործմանը:
Ամուլսարի հարցը այն իրական ջրբաժանն է, որ հայոց պետականությունում կարող է կտրել ավտորիտար ռեժիմի կապը իշխանության հետ, որը կարող է հարուցել խորը ժողովրդավարական գործընթաց հանրություն-իշխանություն հարաբերություններում եւ ձեւակերպել անկախ տնտեսական քաղաքականություն, որը չի հիմնվում հանքաարդյունաբերության գերակայության վրա:
Ամուլսարի շահագործման գործարքը ակնհայտ կոռուպցիոն գործարք է: Այս գործարքի կողմերից են նախկին իշխանությունը` ի դեմս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ներկայիս իշխանությունը` ի դեմս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի:
Արմեն Սարգսյանը «Lydian» ընկերությունում իր կողմից զբաղեցրած պաշտոնի եւ լիազորություններ ունենալու վերաբերյալ, առ այն, որ նա հանդիսացել է լայն լիազորություններով եւ իրավասություններով տնօրեն, ով ունեցել է «Lydian» ընկերությունում բաժնետերերի ժողովում որոշում կայացնելու իրավունք` թաքցրել է:
Արմեն Սարգսյանը, ով ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնել է օրենքի խախտմամբ` իր քաղաքացիության հետ կապված հարցով լայն հանրության առջեւ թափանցիկ պարզաբանմամբ հանդես չի եկել: Այդ խնդիրը նախկինում հետապնդողը` Նիկոլ Փաշինյանը, նույնպես հանրությանը ապացույցներ չի ներկայացրել: Նիկոլ Փաշինյանը միայն պարզաբանել է, որ նա հանդիպել է Արմեն Սարգսյանին եւ տեսել է ինչ-որ փաստաթուղթ:
Այն որ Ամուլսարի շահագործման թույլտվությունը տեղի է ունեցել կոռուպցիոն գործարքի հետեւանքով ակնհայտ է եւ անվիճելի, այն որ այդ գործարքը պետք է դառնա իրավապահ մարմինների կողմից քննության առարկա այլ կարծիք չկա:
Անհասկանալին եւ տարակուսանք առաջացնող իրողությունը այն է, որ իրեն հեղափոխական հռչակած Նիկոլ Փաշինյանը, լայն հանրությանը հուզող այս հարցի քննարկումը խուսափեց անցկացնել բաց քննարկման ընթացակարգով, դրժեց խոստումը գնալ Ջերմուկ եւ հենց այնտեղ անցկացնել քննարկում, նախընտրեց հանդիպումը անցկացնել բռնապետության խորհրդանիշ հանդիսացող Բաղրամյան 26-ում, փակ դռների պայմաններում եւ նախընտրեց Բաղրամյան պողոտան կրկին դարձնել բռնության գործադրման տեղի: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նման վարքագծի դրսեւորման շարունակությունը կփաստի, որ նա եւս ստանձնում է այս կոռուպցիոն գործարքի կողմ լինելու կարգավիճակը եւ համալրում է նախորդ բռնապետերի շարքերը:
Բռնապետական խորհրադանիշների եւ գործիքների կիրառմամբ իշխանություն բանեցնելը, կենսական նշանակության հարցի վերաբերյալ մեկ ու կես ժամ, որպես «Lydian» ընկերության բաժնետեր եւ փաստաբան մենախոսելը, ազգի եւ պետության համար Ամուլսարի հանքի բացման աղետի անտեսումը փաստում է իրեն հեղափոխական հռչակած, իբրեւ ոչ բռնի, թավշյա, ոչ գունավոր հեղափոխություն իրականացրած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին քննության ձախողման մասին:
Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին հասկանում եմ` նրա սիրտը «Lydian» ընկերության բաժնետոմսերում է:
Ճանաչելով հայ ազգին գիտեմ` մեր սիրտը լեռներում է»: