Մարդու գործունեության հետևանքով Սևանին տասնյակ անգամ ավելի մեծ վնաս է պատճառվում. Փաշինյանը՝ Ամուլսարի գործունեությամբ պայմանավորված վնասի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում անդրադարձավ Ամուլսարի հանքի շահագործման հարցին: Նա նախ մեջբերեց իր հայտարարությունը 2018 թվականի հունիսի 25-ին, որտեղ ասել է, որ չի հասկանում քաղաքացիական անհնազանդության գործընթացը Ամուլսարում, և իրենց գործողությունները պետք է փաստերի հիման վրա լինեն, և իրենք կաշկանդված չեն ոչնչով, ցանկացած որոշում անհերքելի փաստերի վրա պետք է լինի, եթե խնդիրը սաբոտաժը չէ:
Վարչապետը ներկայացրեց միջազգային փորձաքննության արդյունքները Ամուլսարի հանքի շահագործման հարցում, որը Քննչական կոմիտեն ներկայացրել է կառավարության նիստին:
Նա նշեց, որ վատագույն դեպքում հանքի շահագործման արդյունքում վնասը այնքան քիչ է լինելու, որ հնարավոր չի լինելու չափել: «Եթե օրինակ մեկը ենթադրենք Սևանի ափին իր մեքենան լվանում է, դա, անշուշտ, բնապահպանական վնաս է հասցնում Սևանա լճին, բայց դա այնքան փոքր է, որ լաբորատորիայով ուսումնասիրենք, չենք կարող գտնել հասցրած վնասը: Մի օրինակ էլ բերեմ. հիմա Սևանի ափամերձ բնակավայրերի և Սևանի ափին մարդու գործունեության հետևանքով Սևանին տասնյակ, եթե ոչ 100-ավոր անգամներ ավելի մեծ վնաս է պատճառվում, քան կարող է Ամուլսարի գործունեությանն հետ կապված ֆորսմաժորի դեպքում լինել»,-ասաց նա և նշեց, որ Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է, որ Ջերմուկի ջրերի համար նախագիծը որևէ վտանգ չի պարունակում, իսկ Արփա-Որոտան գետերի ջրային համակարգի վրա ազդեցության ռիսկերը կառավարելի են:
Վարչապետն ասաց, որ «Էլլարդ»-ը նշում է, որ կան այսպիսի անորոշություններ, բայց նույնիսկ այդ դեպքում, եթե Լիդիանը կիրառի 16 մեղման միջոցներ, ապա ռիսկերը կլինեն կանխատեսելի, այսինքն`ոչ մի լիտր աղտոտված ջուր չի լինի, և Լիդիանն ասում է, որ այդ մեղման միջոցներից տասը նախատեսել են, և հինգն էլ կներգրավվեն, և Քննչական կոմիտեն էլ գալիս է այդ եզրակացության:
Ինչ վերաբերում է այն փաստարկին, թե, քննչական մարմինները քննիչ են, բնապահպանական մասնագետ չեն, վարչապետը օրինակ բերեց, որ Քննչական կոմիտեն տարբեր գործեր է քննում՝ սպանության, դրամի կեղծման և եզրակացություն է տալիս:
«Ասում ենք՝ կան վտանգներ, բայց բնապահպանական ռիսկը կառավարելի է»,-ասաց նա և վստահեցրեց, որ մշտական մոնիտորինգ են իրականացնելում և եթե տեսնեն, որ այդ հանքը շահագործելիս Լիդիանը չի պահում պայմանը, օրենսդրությամբ զգուշացնելու են և տալու են 90 օր թերությունը վերացնելու համար, և չվերացնելու դեպքում հանքը փակվում է:
«Ամուլսարը շատ բարձր բնապահպանական, ՀՀ-ի համար աննախադեպ ստանդարտներով է շահագործվելու»,-ասաց նա և նշեց, որ հիմա այս պայմաններում ՀՀ կառավարությունը պետք է մյուս հանքերին ներկայացնի, որ իրենց ստանդարտները բարձրացնեն և ունի լծակներ՝ դա պարտադրելու այդ ընկերություններին:
Վարչապետը նկատեց, որ շատ հանքարդյունաբերության ընկերություններ աջակցում են Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիաներին, որ խնայեն գումարներ իրենց ստանդարտները բարձրացնելու համար:
«Մենք մեր նախընտրական ծրագրում գրել ենք, որ Հայաստանում բնապահպանական ամենաբարձր ստանդարտները կիրառվեն»,-ասաց նա: