Քննիչը երևի շոկից վերցրեց 27 000–ը, «սեյֆը» բացեց, տեսավ 4 մլրդ չէ. Քոչարյան
Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է կալանավորված 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշման դեմ ներկայացված դատախազության բողոքի քննությունը:
Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ իր գրասենյակից առգրավվել են փաստաթղթեր, որոնք վկայում էին և՛ իր գույքի, և՛ միջոցների օրինականության մասին, բայց ընդհանրապես չի հասկանում, թե դրանք ինչու են տարել:
«Քանի անգամ նշել եմ այդ փաստաթղթերի վերադարձի մասին, որն անարձագանք է մնացել։ Իմ տպավորությամբ, սա մի պրակտիկա է, որը Հայաստանում գոյություն ունի, ենթադրում եմ, որովհետև այնքան սովորական է օրենք խախտվում և սովորական ձևով արձագանք լինում: Զարմանալի է, օրինակ՝ կենսաթոշակի հարցով, ես ասում եմ՝ ես պետք է կոմունալ ծախսեր հոգամ, ես պետք է փաստաբանական ծախսեր հոգամ, ինչո՞ւ եք դուք այդպես անում, որ ես ունենալով հնարավորություն, օգտվեմ իմ բարեկամների, իմ հարազատների աջակցությունից, ինձ համար դա պատիվ չէ, արձագանքը նույնն է: Ենթադրում եմ, որ պրակտիկա է, երբ մարդուն զրկում են ամեն ինչից, իր հնարավորություններից, անգամ պաշտպանվելու հնարավորությունից, մեկ նպատակով, երևի, խեղճացնելու համար…»,-ասաց Քոչարյանը:
Դիմելով մեղադրող կողմին՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց.«Ձեր հարցը հետաքրքիր էր, թե 27 հազարն ինչո՞ւ են վերցրել, ես կարծում եմ՝ շոկից, երևի քննիչը «սեյֆը» բացեց, տեսավ 4 մլրդ չէ, 27 հազար է»:
Դատավորը հորդորեց հեգնական տոնով չխոսել՝ նշելով, որ մարդիկ իրենց աշխատանքն են կատարում, և հորդորեց իրավական շրջանակից դուրս չգալ՝ հասկանալով մեղադրյալի մտայնությունը:
Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ էլի բան ունի ասելու, բայց դատարանը հորդորում է չասել այն, ինչ մտածում է. «Ես կարծում եմ, որ դատարանն այն տեղն է, որտեղ մարդ պետք է հայտնի իր կարծիքն ու օգտագործի այն բառապաշարը, որը ճիշտ է համարում, որը նորմատիվ լեքսիկայի շրջանակում է: Եվ ես չեմ կարծում, որ մի բան եմ ասել, որն այդ շրջանակից դուրս է: Դրա համար կխնդրեմ հարգել նաև իմ արտահայտվելու իրավունքը, եղա ՞վ: Մեկ տարի է՝ ոտնահարվում են իմ իրավունքները, ոտնահարվում են լկտի ձևով, և իրավունք ունեմ բարձրաձայնել այդ մասին»:
Նախագահող Նիկողոսյանն ասաց, որ դատարանը որևէ մեկի նկատմամբ կանխակալ կարծիք չունի և չի կարող ունենալ, հատկապես իր նախագահության պայմաններում, մնացած առումներով իրավունքի շրջանակներում կարող է ամեն ինչ արտահայտվել:
Բողոքի վերաբերյալ որոշում կհրապարակվի 16:30-ին: