Գործարարը Լեւոն Սարգսյանին առնչվող հաղորդում է ներկայացրել ՀՔԾ
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ գործարար Վլադիսլավ Մանգասարյանը Հատուկ քննչական ծառայություն ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում, որն առնչվում է Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լեւոն Սարգսյանին։
Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ նշելով, որ Մանգասարյանի ներկայացրած հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ։ «Հարուցված քրեական գործը միացվել է Լեւոն Սարգսյանի վերաբերյալ՝ մեզ մոտ քննվող քրեական գործին»-նշեց նա։ Վերջինս հայտնեց նաեւ, որ այդ քրեական գործով Վլադիսլավ Մանգասարյանը ճանաչվել է տուժող։ Նշենք, որ գործն այս պահին նախաքննության փուլում է։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Վլադիսլավ Մանգասարյանը մեղադրվում է «Արին Կապիտալ» ընկերությունից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու մեջ։ Ընկերության սեփականատերը ամերիկահայ գործարար Էդմոն Խուդյանն է, որը տարիներ առաջ ներդրումներ էր կատարել Հայաստանում շինարարության ոլորտում։ Մասնավորապես՝ Երևան քաղաքի Մաշտոցի 33Ա հասցեում (ներկայիս՝ Մաշտոցի 33/1) գտնվող հողամասի վրա իրականացրել բազմաֆունկցիոնալ շենքի շինարարությունը, սակայն հայաստանյան գործընկերներն անբարեխիղճ են գտնվել եւ հափշտակել շենքի գրասենյակային տարածքների ու բնակարանների, ավտոտնակներից վաճառքից գոյացած գումարները։ Տարիներ առաջ խոսվում էր, որ առերեւույթ չարաշահումներին առնչություն է ունեցել նաեւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լեւոն Սարգսյանը եւ որ Վլադիսլավ Մանգասարյանը վայելում է նրա հովանավորությունը։
Կատարված քննությամբ նախաքննական մարմինը հիմնավորված համարեց, որ կատարվել է հափշտակություն, սակայն մեղադրանք առաջադրվեց միայն Մանգասարյանին՝ 2005-2011թթ. ընթացքում միասնական դիտավորությամբ բազմաթիվ քաղաքացիներից և ՍՊԸ-ից առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 2 մլրդ դրամի հափշտակություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով`31 դրվագով։
Նրա վերաբերյալ քրեական գործն արդեն երեք տարի է, ինչ գտնվում է դատարանի վարույթում, սակայն դատավարությունը դեռ չի ավարտվել։ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, փաստորեն, Վլ.Մանգասարյանն արդեն ինքն է հանցագործության մասին հաղորդում ներկայացրել։ Այն, որ նրա հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ ու միացվել Լեւոն Սարգսյանի վերաբերյալ ՀՔԾ վարույթում քննվող քրեական գործին՝ վկայում է, որ այն վերաբերում է նաեւ Սարգսյանի կողմից առերեւույթ կատարված հափշտակություններին։ Առավել եւս, որ այդ գործով Մանգասարյանը տուժող է ճանաչվել։
Հիշեցնենք, որ երրորդ նախագահի եղբայրը ներկայումս գտնվում է հետախուզման մեջ։ Ավելի վաղ ՀՔԾ-ն պաշտոնապես հայտարարել էր, որ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 06.07.2018թ.-ին որոշում է կայացվել Լեւոն Սարգսյանին և վերջինիս դստերը` Անի Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել նաև Լ. Սարգսյանի որդուն` Նարեկ Սարգսյանին:
Աղբյուր` Փաստինֆո