«Հրապարակ». Ի՞նչ են պատրաստվում կառուցել «Կուկուռուզնիկի» փոխարեն
«Հրապարակ» թերթը գրում է. «2005 թ. թվականին ապամոնտաժված ու հետագայում ավազի ու բազալտի հանք դարձած Երիտասարդական պալատի, որը ժողովրդի շրջանում առավել հայտնի է «Կուկուռուզնիկ» անունով, շինարարությունը վերսկսելու նախագիծ կա:
2005թ. հոկտեմբերի 20-ին Երեւանի քաղաքապետարանի՝ քանդման N40 թույլտվությամբ Երեւանի նախկին Երիտասարդական պալատ հյուրանոցային մասնաշենքը քանդվեց՝ «Հայսեյսվշին» եւ ԿՊԳՀ-ի եզրակացության հիման վրա, որը ստորագրել էր Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը: Հետագայում տարածքը վաճառվեց մարտունեցի գործարար Էդիկ Ավետիսյանին, ով այստեղ մեծ համալիր կառուցելու «գրանդիոզ» պլաններ ուներ, անգամ միջազգային մրցույթներ անցկացրեց, տարբեր նախագծեր քննարկվեցին, որոնցից մեկը՝ հաղթողը, պետք է իրականացվեր: Սակայն ինչ-ինչ պատճառներով նա հետագայում նեղացավ իշխանություններից, եւ շինարարությունը չիրականացվեց, իսկ բացված հորատանցքից սկսեցին ավազ հանել եւ վաճառել:
Դեռեւս հստակ չէ, թե ինչ է կառուցվելու «Կուկուռուզնիկի» փոխարեն, ամենահավանական տարբերակը հյուրանոցն է, նույնիսկ չի բացառվում, որ վերադառնան նախկինում անցկացված մրցույթի արդյունքներին:
«Կոնկրետ քննարկումները պարոն Մեսչյանի գրասենյակում են ծավալվում: Ես, օրինակ, կուզեի, որ այնտեղ էլի երիտասարդական պալատ լիներ, սակայն չգիտեմ, թե որքանով կստացվի: Ինչ էլ որ լինի, կարեւոր է, որ այդ վիճակն անպայման վերանա, հնարավոր է, որ հյուրանոց կամ բիզնես-կենտրոն դառնա այդտեղ:
Որքանով ես եմ տեղյակ, դեռ հաստատված նախագիծ չկա»,- մեզ հետ զրույցում ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը:
Էդիկ Ավետիսյանին մոտ կանգնած մեր զրուցակիցը հաստատեց, որ սեփականատերը լուրջ քայլեր է ձեռնարկում, որ այդ տարածքում շինարարությունը սկսվի, խոսվում է հյուրանոց կամ համալիր կառուցելու մասին. «Այդ կոմպլեքսը կառուցելու է լուրջ շինարարական կազմակերպություն: Ես լսեմ եմ, որ այդտեղ կոմպլեքս կառուցելու ցանկություն կա, լսել եմ, որ այդ տարածքի սեփականատերն այդ առումով ակտիվ քայլեր է ձեռնարկում, որպեսզի վերջնական ձեւավորի առաջադրանքը, ձեւավորի ցանկությունները: Գիտեք՝ երկար տարիներ այդ տարածքն այս վիճակում կանգնած է, եւ ինքը հիմա ձեռնարկում է լուրջ միջոցներ, որպեսզի այդ սայլը տեղից շարժվի»:
Հարցրինք, թե ինչու է հիմա որոշել սկսել շինարարությունը, գուցե վտանգ կա, որ կարող են տարածքը ձեռքից վերցնել: «Ես, ճիշտն ասած, այդ մասին չեմ մտածել, այդքան հեշտ է մարդու սեփականությունը ձեռքից վերցնելը: Որ մինչեւ հիմա չի կառուցվել, ճիշտն ասած, դրանում իր մեղքը չկա, ձգձգվել է ոչ այն պատճառով, որ ինքը չի ցանկացել, ավելի շատ այլ անձինք, այլ կառույցներ ու այլ մարմիններ են խոչընդոտել, չեմ կարծում, որ պատճառն այն է եղել, որ նա աբստրակտ ակտիվություն է ցուցաբերել, ես կարծում եմ, որ ռեալ է կառուցելու իր ցանկությունը: Չի բացառվում, որ անդրադառնան նորից այդ մրցույթի արդյունքներին, եւ իրականացվի այդ մրցույթի հաղթողի ծրագիրը»,- ասաց մեր զրուցակիցը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում