Առաջարկում եմ այս հարցերը թողնենք պրոֆեսիոնալներին․ Իոաննիսյանը՝ երթևեկի արագության 50 կամ 60 կմ/ժ լինելու մասին
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն արձագանքել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի առաջարկին՝ Երևանում երթևեկության առավելագույն արագությունը 60 կմ/ժ-ից դարձնել 50 կմ/ժ:
«Իհարկե, կարելի է երթևեկության առավելագույն արագությունը սահմանել 15 կմ/ժ և հավանաբար այլևս երբեք ճանապարհներին զոհեր չեն լինի:
Բայց 21-րդ դարում հարցերը լուծվում են հետազոտություններով: Եվ դրանցով հիմնավորված է, որ ճանապարհային երթևեկության անվտանգությունն ունի 3 բաղադրիչ՝
1. Երթևեկության գիտակից և բանիմաց մասնակիցներ,
2. Անվտանգ տրանսպորտային միջոցներ,
3. Անվտանգ ենթակառուցվածքներ:
Հայաստանում մարդիկ վարում են չամրակապված ուղևորներով, առջևի կողային մգեցված ապակիներով, չափից վերև նայող լուսարձակներով, «լեվի» արգելակման կոճղակներով, չերևացող գծանշումներով ու լուսացույցերով, «գնված» վարորդականներով և այլն:
Այդ հանգամանքներն են սպանում մարդկանց ճանապարհներին և ոչ արագության սահմանափակման 50 կամ 60 կմ/ժ լինելը:
Առաջարկում եմ այս հարցերը թողնենք պրոֆեսիոնալներին, ի դեմս, օրինակ, Ճանապարհային անվտանգության ազգային խորհրդի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա: