Չապացուցվող և քաղաքականացված. Մալայզիայի վարչապետը` 298 մարդու կյանք խլած ավիաաղետի գործով Ռուսաստանի դեմ հնչած մեղադրանքների մասին
Մալայզիայի վարչապետ Մոհամադ Մահաթհիրը մալայզիական ավիաուղիներին պատկանող ինքնաթիռի կործանման գործով միասնական քննչական խմբի հետևությունները որակել է ի սկզբանե քաղաքականապես ուղղորդված և չապացուցված: Նրա խոսքերը մեջբերել է Malay Mail թերթը:
«Մենք շատ անհանգստացած ենք, որովհետև սա հենց սկզբից դարձավ քաղաքական հարց, որը հետևյալն էր` ինչպես մեղադրել Ռուսաստանին»,- ընդգծել է երկրի վարչապետը:
Նա հիշեցրել է, որ Մոսկվայի հասցեին մեղադրանքներ են հնչել «ավելի վաղ, քան սկսվել է հետաքննությունը»:
«Այժմ իրենք ասում են, թե ապացույցներ ունեն»,- ասել է Մահաթհիրը` հավելելով, որ «ներկայումս ապացույցներ չկան, միայն ասեկոսեներ են»:
Հիշեցնենք, որ MH17 չվերթով Ամստերդամից Կուալա Լումպուր թռիչք իրականացնող Boeing-777-ը կործանվել է 2014 թ.-ի հուլիսի 17-ին Դոնեցկի հատվածում: Ավիաաղետի ժամանակ ինքնաթիռում 298 մարդ է եղել, ոչ ոք ողջ չի մնացել: Նրանց մեծ մասը Նիդեռլանդների քաղաքացիներ են եղել: Տեղի ունեցածի համար Կիևը մեղադրել էր Դոնեցկի ռուսական ուժերին: Վերջիններս չէին ընդունել մեղադրանքները` նշելով, որ չունեն այնպիսի միջոցներ, որոնցով կկարողանային նման բարձրությունից ռմբակոծել ինքնաթիռը:
Քննությունը, որին Ռուսաստանը մասնակցություն չի ունեցել, տևել է 5 տարի: Այժմ արդեն 4 կասկածյալի անուն է հրապարակվել: Նրանք Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ են` Գիրկին, Դուբինսկի, Պուլատով, Խարչենկո: