Ինչու՞ է Քոչարյանը դահլիճ մտնում փակ մուքտից
Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաեւ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքների քննությունը: Դատավարությանը ներկա է Ռոբերտ Քոչարյանը:
Նախորդ նիստին Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին: Այսօր նշված միջնորդության վերաբերյալ դիրքորոշում կհայտնեն Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը եւ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը ինչից հետո դատարանը կհեռանա խորհրդակցկան սենյակ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:
Դատական նիստի ընթացքում քիչ առաջ Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը հանդես եկավ հայտարարությամբ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստերի դահլիճ այլ մուտքից մտնելու վերաբերյալ:
«Մենք տեղեկություն ունենք, որ արդեն երկու դատական նիստ է, Ռոբերտ Քոչարյանը դատական նիստերի դահլիճ մտնում է փակ մուտքով: Դատարանից `առնվազն պաշտպանության կողմից պարզաբանում եմ ակնկալում, թե դա ինչի հիման վրա եւ ինչ նկատառումներից ելնելով է կատարվում: «Կարծում եմ, դա չի ենթադրում շփում գործը քննող դատավորի հետ»,-հայտարարեց Բաղդասարյանը:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն էլ ասաց. «ՀՀ բոլոր նախագահները համապատասխան օրենքի համաձայն ունեն հատուկ կարգավիճակ, որի պայմաններում տեղաշարժվում են անվտնագության ծառայողների ուղեկցությամբ, այդ թվում նաեւ դատական նիստերի դահլիճ մուտք են գործում այլ մուտքից, ի տարբերություն նման կարգավիճակ չուներ դատախազը (Խոսքը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մասին է, որը առաջին ատյանի դատարան մուտք էր գործել փակ մուքտից,-հեղ.) դրա համար առաջին ատյանի դատարանում նման հարց էր բարձրացվել: Եթե դատախազությունը գտնում է, որ սա ռիսկ է առաջացում դատարանի կողմնակալության մասով, խնդրեմ միանա մեր ինքնաբացարկին»,- ասաց Օրբելյանը: