Արցախի ԱԳՆ-ն՝ Եվրոպայի լիգայի եզրափակչին Մխիթարյանի բացակայության մասին
Ադրբեջանում այլատյացության հետ կապված իրավիճակի շարունակական վատթարացման ֆոնին միջազգային հանրության ընդհանուր պատասխանատվությունն է՝ ազդել ադրբեջանական իշխանությունների վրա՝ ատելության քարոզի դադարեցման և դրա հարուցած բացասական երևույթների վերացման նպատակով։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ արձագանքելով Բաքվում անցկացվող Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղում հայ ֆուտբոլիստի բացակայությանը՝ Բաքվի ռասիստական դիրքորոշման պատճառով։
Հայտարարության ամբողջական տեքստը ներկայացնում ենք ստորեւ․
«Բաքվում անցկացվող Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղի հետ կապված գործընթացները, մասնավորապես, այն, որ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կապիտան Հենրիխ Մխիթարյանը ստիպված է եղել չմասնակցել խաղին, ինչպես նաև բազմաթիվ հայ երկրպագուների չեն կարողացել մեկնել Բաքու խաղը դիտելու, ևս մեկ անգամ ապացուցեցին, որ տասնամյակներ շարունակ հայատյացության սերմանմանն ուղղված պետական քաղաքականության բացասական հետևանքները չեն կարող հաղթահարվել մի ակնթարթում։ Սպորտային իրադարձությունը, որը կարող էր նպաստել հակամարտող կողմերի հասարակությունների հաշտեցմանը, հակառակ ազդեցությունն ունեցավ և ի ցույց դրեց հայերի հետ կապված ամեն ինչի նկատմամբ ադրբեջանական կողմի անբարեհաճության աստիճանը։
Այդ կապակցությամբ հարկ է նշել, որ ադրբեջանական իշխանությունների կողմից հայատյացությունը սկսել է ակտիվորեն օգտագործվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում՝ որպես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ուժային ճնշմանն ուղղված քաղաքականության գործիք։ Տարիների ընթացքում Ադրբեջանում հայերի նկատմամբ անհանդուրժողականությունը ոչ միայն չի թուլացել, այլև սկսել է ներթափանցել հանրային կյանքի բոլոր բնագավառները, այդ թվում՝ կրթության ոլորտ։ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի հաշվետվության մեջ նշվում է, որ Ադրբեջանում «քաղաքական գործիչները, կրթական հաստատությունները, ԶԼՄ-ները շարունակում են հայատյացություն քարոզել․ ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ է մեծացել՝ լսելով այդ ատելության հռետորաբանությունը» (CRI(2016)17, էջ. 9)։
Հայատյացության սերմանումն ու այդ հողի վրա կատարվող հանցագործությունների խրախուսումը բարձրացվել են պետական քաղաքականության աստիճանի, որն Ադրբեջանի նախագահը հետևյալ կերպ է ձևակերպել՝ «Ադրբեջանի հիմնական թշնամին համայն հայությունն է»։
Ադրբեջանում ռասիզմի և հայատյացության դրսևորումների առկայությունը հաստատվում է նաև մի շարք միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ Ռասայական խտրականության վերացման հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովի, Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին շրջանակային դաշնագրի հարցերով խորհրդատվական հանձնաժողովի փաստաթղթերում։
Ադրբեջանական իշխանությունների կողմից հայատյացության հողի վրա կատարված հանցագործությունների խրախուսման աղաղակող օրինակներից է 2012 թ․ օգոստոսին Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն Ադրբեջան՝ հետագա ներմամբ, հերոսացմամբ և որպես նմանակման օրինակ համազգային փառաբանմամբ։ Մինչդեռ, Ռամիլ Սաֆարովը հանցագործ է, ով հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրի շրջանակներում Բուդապեշտում անցկացվող դասընթացներին իր հետ մասնակցող հայազգի սպային քնած ժամանակ կացնահարելու համար։
Ռասիզմի և անհանդուրժողականության հետ պայքարի եվրոպական հանձնաժողովը միանշանակ կերպով նշել է, որ նմանատիպ գործողությունները կարող են անպատժելիության զգացում արմատավորել այն մարդկանց մոտ, որոնք ամենալուրջ բնույթի ռասիստական հանցագործություններ են կատարել , իսկ Ռասայական խտրականության վերացման հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովն Ադրբեջանի իշխանությունների տվյալ քայլը որակել է ռասայական ատելության և ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների խրախուսում և հրաժարում տուժողներին իրավական պաշտպանություն տրամադրելուց :