Կառավարությունը մտադիր է ներել բռնադատվածների վարկային պարտավորությունները
Կառավարությունը մտադիր է Բռնադատվածների վարկային պարտավորությունները ներել և որպես պետական աջակցություն ձևակերպել: Վաղը կառավարության հերթական նիստին կներկայացվի որոշման նախագիծ, որով նախատեսվում է ՀՀ 2002-2012 թվականների պետական բյուջեներով նախատեսված միջոցների հաշվին բռնադատվածներին բնակարանային պայմանների բարելավման նպատակով հատկացված արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկի գումարների՝ վարկառուների մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը չվճարված մնացորդային մասը և ժամկետանց պարտավորությունների դիմաց հաշվարկված տույժերը ներել՝ ձևակերպելով որպես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վերջիններիս տրամադրված պետական ֆինանսական աջակցություն:
Ըստ նախագծի՝ ՀՀ 2002-2012 թվականների պետական բյուջեներով հաստատված միջոցների շրջանակում բռնադատվածի և բռնադատվածի առաջին հերթի ժառանգի (այսուհետ՝ բռնադատված) կարգավիճակ ունեցող 303 քաղաքացու բնակարանային պայմանները բարելավելու (բնակարանային անհատական շինարարության նպատակով կամ անավարտ բնակելի տան շինարարությունն ավարտին հասցնելու, ինչպես նաև բնակարան ձեռք բերելու կամ վերանորոգելու համար) նպատակով տրամադրվել է արտոնյալ պայմաններով երկարաժամկետ՝ 25 տարի մարման ժամկետով 1 տոկոս տոկոսադրույքով վարկ՝ 1, 272, 094, 607 դրամ ընդհանուր գումարով:
10.09.2018 թվականի դրությամբ վարկառուների կողմից մարվել է 201,248,968 ՀՀ դրամ գումարի չափով հիմնական գումար և վճարվել 43,212,535 ՀՀ դրամ գումարի չափով տոկոսագումար: Թվով 19 վարկառուի կողմից վարկային պարտավորությունները՝ 58 մլն դրամ գումարի չափով, ամբողջ ծավալով ժամկետից շուտ մարվել են, իսկ թվով 262 վարկառուներին տրամադրված վարկի գծով ժամկետանց պարտավորությունների ընդհանուր ծավալը 10.09.2018 թ. դրությամբ կազմում է 343,138,920 ՀՀ դրամ, որից 230, 130,276 ՀՀ դրամը՝ վարկի մայր գումար, 36,662,626 ՀՀ դրամը՝ տոկոսագումար, իսկ 76,346,018 ՀՀ դրամը՝ ժամկետանց գումարի նկատմամբ հաշվարկված տույժ:
Ընդ որում, 114 վարկառուի կողմից վարկային պարտավորության գծով ոչ մի վճարում չի կատարվել:
Խնդիրն այն է, որ վարկառուների հիմնական մասը տարեց և սոցիալապես անապահով անձինք են և օբյեկտիվորեն հնարավորություն չունեն կատարելու իրենց վարկային պարտավորությունները:
Ըստ հիմնավորման` սույն որոշման նպատակը բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց սոցիալական խնդիրների մասնակի լուծումն է, որոշման ընդունման արդյունքում մասամբ կբարելավվի շուրջ 280 մարդու սոցիալական վիճակը՝ նրանց ազատելով իրենց վարկային պարտավորություններից և ժամկետանց պարտավորությունների դիմաց հաշվարկված տույժերի վճարումից: