Երբևիցե 200.000 դրամից թանկ կոստյում չեմ կրել. Սանասարյանը` ասուլիսի ժամանակ իրեն տրված հարցի մասին
ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է նախօրեին իր ասուլիսի ժամանակ տեղի ունեցած միջադեպին` կապված 3 միլիոն արժողությամբ կոստյում կրելու հետ:
"Անճարների հերթական ապատեղեկատվությունը
Երեկ մի աղջկա սովորեցրել էին, որ ասուլիսի ժամանակ սենսացիա ապահովեր, բայց արժանացավ լրագրողների ընդգծված վատ վերաբերմունքին։ Հիմա էլ աղջնակի անհեթեթության վրա տարածում են, թե իբր ես չեմ հերքել, որ 3 մլն դրամանոց կոստյում եմ հագնում։
Ժողովուրդ ջան, սա ձեզ եմ հաշվետություն տալիս, ոչ թե կեղծիքը հորինողներին. երբևիցե 200.000 դրամից թանկ կոստյում չեմ կրել, և հիմնականում պատվիրում եմ հայ դերձակների մոտ։
Սիրում եմ բոլորիդ",- գրել է Սանասարյանը:
Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ
Antifake. am կայքի լրագրողը Դավիթ Սանասարյանի առջև նկար էր դրել և խնդրել պարզաբանել, թե ինչ ապրանքանիշի կոստյում է կրում այդ լուսանկարում ու որքան արժե այն։
Դավիթ Սանասարյանը խուսափել էր պատախանել հարցին, իսկ լրագրողն էլ պնդել էր, թե փորձագետները նշել են, որ կոստյումը Ստեֆանո Ռիչչի ապրանքանիշ է, որն արժե երեք միլիոն։
«Ով որ ասել է՝ ես կնվիրեմ, լավ է, որ իմ նասկիները չեն տեսնում, դրա վերաբերյալ էլ ինչ-որ բան կասեն», - արձագանքել էր Դավիթ Սանասարյանը։
Լրագրողներից մեկը կատակին էլ, թե միգուցե չինակա՞ն է, Սանասարյանը կատակով արձագանքել էր. «Ես կեղծ բան չեմ կրում»: