ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես Հայաստանից եմ, Ստեփանակերտից. Ռուսական «Առաջին ալիքի» հատուկ անդրադարձը արցախցի երգիչ Միշա Գրիգորյանին
Ռուսական առաջին ալիքը «Ձայնը. Երեխաներ» նախագծի 6-րդ եթերաշրջանի շրջանակում տեսանյութ է պատրաստել շոուի մասնակից ստեփանակերտցի Միշա Գրիգորյանի մասին։
Ռեպորտաժում Միշա Գրիգորյանն ու իր մայրը ներկայացնում են տղայի ծննդավայրը, հայրենիքը, առօրյան ու հետաքրքրությունները:
«Ես Հայաստանից եմ, Ստեփանակերտից: Իմ ընտանիքը երաժշտական է, մայրս մանկապարտեզում երաժշտության ուսուցչուհի է, հայրս զինվորական նվագախմբի դիրիժորն է»,- ասում է Միշան:
Միշայի խոսքով` Հայաստանը շատ հյուրընկալ երկիր է, խոհանոցն էլ շատ համեղ։ Գտնվելով բարեկամների մոտ Մոսկվայում`նա մայրիկի հետ միասին պատրաստել է ավանդական ժենգյալով հաց։
«Ես փորձել եմ պատրաստել, վատ չի ստացվում», – ասում է Միշան։
Չնայած զբաղվածությանը, տղան ակտիվ կենսակերպ է վարում: Վոկալի պարապմունքներից հետո, ազատ ժամանակ Միշան զբաղվում է նրանով, ինչ հետաքրքիր է իրեն` նկարչություն, լող, ֆուտբոլ։
Խոսում է նաև «Եվրատեսիլին» մասնակցության մասին, իսկ ռուսական «Ձայնը. Երեխաներ» շոուին մասնակցել է հաղթելու նպատակով:
«Ես ընդհանրապես չեմ մտահոգվում, որ կակազում եմ։ Հակառակը, դա ինձ հանգստություն է տալիս», – վստահեցնում է տղան։