Մեր երկիրը կանացի խնամքի կարիք ունի. Փաշինյան
Ասօր ընթանում է «Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի» (FCEM) միջազգային համաժողովի բացումը: Այս համաժողովին, որ կազմակերպվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ՀՀ կին ձեռներեցների ցանցի կողմից, մասնակցում են FCEM նախագահներ և պատվիրակություններ տարբեր երկրներից, Հայաստանը ներկայացնող կին ձեռներեցներ, պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ լրատվամիջոցներ:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերջինս նշեց՝ Հայաստանում բնակչության մեծամասնությունը կանայք են, իսկ տնտեսապես ակտիվ բնակչության շուրջ կեսը կանայք են:
«Սա ասում եմ հատկապես այս համաժողովում՝ ընդգծելու համար, որ դժվար է պատկերացնել, որ Հայաստանում հռչակված տնտեսական հեղափոխությունը կհասնի հաջողության, եթե ի վիճակի չլինենք խթանել կանանց ձեռներեցությունը: Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ-ում կանանց դերը և կանանց ակտիվության մակարդակը նկատելիորեն բարձրացել է: Անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն իրականություն չէր դառնա առանց կանանց այդպիսի լայնամասշտաբ մասնակցության: Սա ինձ համար առաջին նշանն էր»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ հեղափոխության գործընթացներին և զանգվածային միջոցառումներին կանանց մասնակցության այդ ծավալն առաջին և աներկբա ապացույցն էր, որ Հայաստանում սկսվել է հեղափոխություն: Վարչապետն ասաց, որ կանանց դերը շրջադարձային է, տնտեսական հեղափոխության գործում կանանց դերը լինելու է նույնչափ վճռական և կարևոր: Կառավարության ղեկավարն ընդգծեց՝ Հայաստանում շատ ոլորտներ՝ սկսած պետական կառավարման ոլորտից` ավարտված բիզնեսի կառավարմամբ, սպասարկման մակարդակի բարձրացմամբ, կանացի խնամքի անհրաժեշտություն ունեն:
«Մեր երկիրը կանացի խնամքի անհրաժեշտություն ունի, մենք մեր հայրենիքի տարբեր անկյուններում տեսնում ենք չկազմակերպվածության, թափթփվածության, փնթիության ընդլայնված երևույթներ: Սա ակնհայտ է դարձնում, որ Հայաստանը կանացի խնամքի կարիք ունի, նշանակում է, որ բոլոր ոլորտներում կանանց ակտիվությունն ու ներգրավվածությունը պետք է խթանել»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ սա կառավարության համար առաջնային է:
Վարչապետը կանանց կոչ արեց անել իրենց քայլը նաև տնտեսական հեղափոխության գործում, ասաց՝ համոզված է, որ նաև ձեռներեցության մեջ կանայք ավելի էֆեկտիվ ու հավասարակշռված կարող են լինել, հաշվարկված ու հիմնավորված քայլերով առաջ գնալ:
«Հայ կնոջ պատասխանատվության զգացումը մի փոքր ավելին է, քան սովորաբար տեսնում ենք տղամարդկանց շրջանում: Կանայք վիճակագրորեն պակաս են հակված կոռուպցիայի կամ կոռուպցիայի մեջ ներքաշվելու, քան կարող է լինել տղամարդկանց շրջանում: ՀՀ-ում քաղաքականության, տնտեսության մեջ կանանց ներգրավվածությունը գնալով շատանալու է»,- նշեց Փաշինյանը: