Փաշինյանը բոլորի աշխատանքից չէ, որ գոհ է
Ես ինձ ավելի ու ավելի մեղավոր եմ զգում, որ ինձ վրա կամա թե ակամա մեծ ուշադրություն են կենտրոնացնում։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե մինչեւ երբ է Փաշինյանը պատրաստվում միայնակ աշխատել բոլորի փոխարեն։
«Ես` որպես վարչապետ, որպես քաղաքական գործիչ, որպես մարդ չափից ավելի մեծ ուշադրություն եմ կենտրոնացնում ինձ վրա եւ ուրիշների կատարած աշխատանքը ուղղակի չի երեւում, կամ լավ չի երեւում։ Ես մանավանդ վերջին 10 ամիսներին դրա մասին շատ եմ մտածել, որովհետեւ երբեմն ինձ թվում է՝ ե՛ւ մամուլը, ե՛ւ սոցիալական ցանցերը չափից ավելի շատ են կոնտրոնացած իմ վրա, դրա հետեւանքով չեն նկատում կառավարության մյուս անդամների, իմ թիմի աշխատանքը։ Ես չեմ ասում, թե մեր թիմում բոլորը կատարյալ են, բոլորը ռեկորդ են խփում, բայց ես տեսնում եմ, որ այս մեղադրանքների եւ կանխավարկածի 90 տոկոսը հիմնավոր չի, որովհետեւ մարդիկ աշխատում են։ Այն արդյունքները, որ այսօր արդեն ունենք, չի կարող մեկ հոգու աշխատանքի արդյունք լինել։ Դա թիմային աշխատանքի արդյունք է»,– նշեց նա։
Վարչապետը հավաստիացրեց, որ աշխատում է միայն իր փոխարեն. «Իսկ այն, որ ես պետք է շատ աշխատեմ, ակնհայտ է, քանի որ ով ուզում է քիչ աշխատել, երկրի վարչապետի կարգավիճակը իր համար չէ»։
Նա նշեց՝ բոլորի աշխատանքից չէ, որ գոհ է, բայց իր աշխատանքից ևս գոհ չէ. «Բոլորն աշխատում են իրենց փոխարեն։ Արդյոք բոլորն աշխատում են այնպես, որ ես գոհ եմ բոլորի աշխատանքներից՝ լիարժեք ոչ, բայց ես պետք է ասեմ, որ ինքս էլ իմ աշխատանքից լիարժեք գոհ չեմ։ Եթե ես իմ աշխատանքից գոհ չեմ, բնականաբար, ուրիշների աշխատանքից չեմ կարող լիարժեք գոհ լինել։