![Ինքնասպան է եղել Պերուի նախկին նախագահը](https://auroranews.am/storage/img/base_image/old/d89ad8482c50a57bb9a10ee3a9de0368.webp)
Ինքնասպան է եղել Պերուի նախկին նախագահը
![Ինքնասպան է եղել Պերուի նախկին նախագահը](https://auroranews.am/storage/img/base_image/old/d89ad8482c50a57bb9a10ee3a9de0368.webp)
Պերուի նախկին նախագահ Ալան Գարսիան ինքնասպանության փորձ է արել և մահացել մայրաքաղաք Լիմայի հիվանդանոցում: Այս մասին հաղորդում է The Guardian-ը, հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել դատարանի որոշմամբ կոռուպցիայի գործով ձերբակալության ժամանակ:
Դատարանը Գարսիային 10 օրով կալանքի տակ պահելու որոշում էր կայացրել: Այն պահին, երբ դատախազության աշխատակիցները Գարսիայի տուն են գնացել և ցույց տվել հրամանը, 69-ամյա քաղաքական գործիչն ինքնասպան է եղել՝ ատրճանակից գլխին կրակելով:
Երկրի ներքին գործերի նախարար Կառլոս Մորանը հայտնել է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները «գործել են համապատասխան արձանագրությունների շրջանակներում»:
Հաղորդվում է, որ Պերուի նախկին նախագահը կասկածվում է բրազիլական Odebrecht շինարարական ընկերության գործով կոռուպցիայի համար: Դատարանի կարծիքով՝ Գարսիան, հնարավոր է, 100 հազար դոլար է ստացել Odebrecht ընկերության համար շահավետ պայմանագրեր կնքելու դիմաց: