Սեքյուրիթի Դրիմը ՀՀ կառավարությունից խաբեությամբ մի քանի միլիարդ է կորզել. Armtimes. com
Սեքյուրիթի Դրիմը ՀՀ կառավարությունից խաբեությամբ մի քանի միլիարդ է կորզել: Այս մասին հայտնել է Armtimes. com-ը: "Սեքյուրիթի Դրիմ ՍՊ ընկերությունը 2011 թվականին, ՀՀ Ճանապարհային ոստիկանության ծառայության կողմից հայտարարված «Պետության կարիքների համար երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողության համակարգերի ձեռքբերման (գնման) և դրանց սպասարկման (ծառայությունների մատուցման) ՀՀ ԿԱ Ո ՃՈ-ԱՊԾՁԲ-11/02 բաց ընթացակարգով մրցույթին մասնակցելու հայտ ներկայացնելու պահին ունեցել է ընդամենը 1 աշխատակից (տնօրենը), թեև մրցույթի որակավորման պայմաններին բավարարելու համար պետք է ունենար նմանատիպ աշխատանքների կատարման ծավալ և փորձառություն, համապատասխան մասնագիտացված աշխատակազմ, մրցութային առաջարկին համապատասխան ֆինանսական միջոցներ: Սեքյուրիթի Դրիմը հաղթող է ճանաչվել «Գնումների մասին» ՀՀ օրենքի և մրցույթի պայմանների պահանջների ակնհայտ խախտմամբ, քանի որ չի ունեցել մրցույթի մասնակցին ներկայացվող որակավորման չափանիշներին համապատասխանություն (ունեցել է ակնհայտ անհամապատասխանություն): Սեքյուրիթի Դրիմը մրցութային հայտով որակավորման չափորոշիչներին համապատասխանելու մասին ընդհանրապես որևէ փաստաթուղթ չի ներկայացրել ՀՀ ոստիկանության մրցութային հանձնաժողովին: Սեքյուրիթի Դրիմը մրցութային հայտով առաջարկել է 9.849.562 Եվրո, որպես պետության կարիքների համար գույքի ձեռքբերման և այդ գնման արդյունքում ձևավորվող տեսադիտարկման համակարգի (նաև կարմիր լույսի ազդանշանի նկատմամբ հսկողության համակարգ) 2011թ.-2017թ. շահագործելու համար անհրաժեշտ ծախսերի գումար: Սեքյուրիթի Դրիմ ՍՊ ընկերությունը Ինեկոբանկ ՓԲԸ-ից, 2011 թվականին ստացել է 500 000 եվրո (համարժեք) դրամական միջոցներ: Նշված գումարից բացի այլ գումար չի ներդրել: Հետագայում, ՀՀ ճանապարհային ոստիկանություն ծառայությանը վաճառվող գույքի դիմաց ստացված գումարներով կատարվել է արագաչափերի, տեսախցիկների և այլ համալրող հանգույցների գնում և վաճառք ՃՈ-ին: Այսինքն, Սեքյուրիթի Դրիմը, պետության փողերով (հանած 500 000 եվրոն), կատարել է ամբողջ տեսադիտարկման համակարգի գնումը, սակայն ըստ մրցույթի պայմանի պետք է այդ համակարգը գներ իր հաշվին և հետ ստանար իր ներդումը համակարգի շահագործումից հետո: Սեքյուրիթի Դրիմը իր հաշվին չի կատարել նշված 500 000 եվրոյից ավելի ներդրում: Այսինքն, պետության համար, պետության հաշվին և պետության փողերով կատարել է գնում, թեև պետության կողմից հայտարարված մրցույթի հաղթելու պայմանը մասնակցի սեփական միջոցներով այդ գնումը կատարելն էր: Գնման մրցույթում առաջարկվող պայմաններից մեկը՝ կարմիր լույսի ազդանշանի նկատմամբ հսկողության համակարգի ներդրումը, որի արժեքը կազմել է 2 227 950 Եվրո, Սեքյուրիթի Դրիմը չի կատարել, (դա պայմանագրային արժեքի 20 տոկոսից ավելին է): Այդ երկու միլիոն Եվրոյից ավելի ծախսային մասը Սեքյուրիթի Դրիմի և ՃՈ միջև կնքված համաձայնագրով փոխարինվեց լրացուցիչ ծավալի տեսախցիկներ տեղադրելու պայմանով, քանի որ Սեքյուրիթի Դրիմը 1 խաչմերուկի կահավորման համար ծախսում էր ընդամենը 700-800 հազար ՀՀ դրամ, իսկ վաճառում էր 3 միլիոն ՀՀ դրամով: «Գնումների մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումների համաձայն՝ պատվիրատուի մոտ, գնման առարկայի ձեռքբերման անհրաժեշտությունը վերանալու դեպքում, գնման պայմանագիրը ենթակա է լուծման, սակայն, քանի որ խոսքը վերաբերվում էր ՀՀ Նախագահի շրջապատի մարդ համարվող Գ. Զաքարյանի Սեքյուրիթի Դրիմին, ապա պայմանագիրը լուծվելու փոխարեն, Սեքյուրիթի Դրիմին «անցանկալի և ոչ ձեռնտու» կարմիր լույսի ազդանշանի վերահսկողության համակարգի փոխարեն, հնարավորություն տրվեց գնել շատ ձեռնտու տեսախցիկները՝ լրացուցիչ 2 միլիոն Եվրոյից ավելի ծավալով՝ խախտելով պայմանագրի փոփոխություն կնքելու լիազորության սահմանները: Սեքյուրիթի Դրիմի և ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության միջև 13.06.2011 թվականին կնքված «Պետության կարիքների համար երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողության համակարգերի ձեռքբերման (գնման) և դրանց սպասարկման (ծառայությունների մատուցման) ՀՀ ԿԱ Ո ՃՈ-ԱՊԾՁԲ-11/02 պայմանագրով, գնման առարկան ամբողջությամբ հանձնված է եղել պատվիրատուին՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը և ապրանքների գնման պայմանագրային իրավահարաբերությունը 2017թվականի փետրվարի 15-ի դրությամբ դադարել էր կատարմամբ, մնացել էին միայն ծառայությունների մատուցման հարաբերությունները, որոնք լուծելու (դադարեցնելու) նպատակով, (2017թվականի ՀՀ կառավարությունը) հավանաբար տեղյակ չլինելով այն փաստին, որ 2012 թվականից մինչև 2017 թվականը Սեքյուրիթի Դրիմին վճարվել է ավելի քան 18 միլիարդ ՀՀ դրամ, Սեքյուրիթի Դրիմի ծառայություններից հրաժարվելու դիմաց լրացուցիչ վճարել է պայմանագրի լուծմամբ վերջինիս կրած «վնասների» հատուցումը 2,5 միլիարդ դրամ: Սեքյուրիթի Դրիմ ՍՊ ընկերությունը վերը հիշատակված 500 000 եվրոյից ավելի գումար չներդնելու պարագայում, երբ տարիներ շարունակ իր մասնակիցներին (Գուրգեն և Ալեքսան Զաքարյաններ) վճարել է մի քանի միլիարդների հասնող շահաբաժիններ, կարողացել է «համոզել» որ ինքը վնասով է աշխատում և որպես իր իրական վնասի փոխհատուցում, խաբեությամբ ՀՀ կառավարությունից կարողացել է կորզել ևս 2,5 միլիարդ ՀՀ դրամ: Շարունակելի…",- գրել է Armtimes. com-ը:

Քաղաքականություն