Սկսում եմ վախենալ.Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մշակութային ռնգեղջյուրացումը շարունակվում է Երեկ, անձրևոտ մի օր, երբ «Ա-վիտամինոզի» բացակայության պատճառով երևի թե ցնցվեցին որոշ պաշտոնյաների նյարդեր՝ վերջին շնչում գտնվող մշակույթի նախարարությունը հրովարտակ հրապարակեց՝ ազատել Կոնստանտին Օրբելյանին Օպերայի թատրոնի տնօրենի պաշտոնից և ազատել Ագնեսա Շահնազարյանին Վանաձորի պետական դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնից։ Չգիտեմ, երկրորդ ազատումը ե՞ւս գարնանային «Ա-վիտամինոզի» արդյունք էր, թե՞ այստեղ գործ ունենք արդեն շատ ավելի լուրջ հորմոնի՝ «սերատոնին» բացակայության հետ, որը թույլ չի տալիս տարբեր պաշտոնյաների լինել ներդաշնակ ու խաղաղ, լինել երջանիկ և չկայացնել աբսուրդային որոշումներ։ Այդուհանդերձ, մտադրությունս բնավ Մենդելևի աղյուսակի և դժբախտության ու երջանկության հորոմենների շուրջ դիսկուրսը չի։ Հիմա ինչո՞վ է մեղավոր Կոնստանտին Օրբելյանը, որ հեղափոխության օրերին նախապատրաստվել է «Գրեմմիի» և մի շարք կարևորագույն մրցանակաբաշխությունների և չի հասցրել ոտքով Գյումրից քայլել Երևան։ Կամ՝ քայլելու ցանկությունը ի սկզբանե չի էլ ունեցել, վստահ լինելով, որ ցանկացած իշխանության համար կարևորը բարձր մշակույթը պիտի լինի ու այն արվեստագետը, ով կարող է ապահովել այդ չափանիշները։ Ինձ քիչ առաջ զանգահարեցին Վանաձորի թատրոնի մի խումբ դերասաններ և նրանք ուղղակի շոկի մեջ էին, որովհետև Ագնեսային հաջողվել էր ստեղծել իրապես որակյալ թատրոն և մեկը մյուսի հետևից հետաքրքիր ներկայացումներ և հյուրախաղեր։ Թվում է, թե Հայաստանում մշակույթ «վարող» պաշտոնյաները պիտի ամուր կառչեին այս գործիչներից, որովհետև նրանց տված ստեղծագործական «պրոդուկտը» բարձրարվեստ է։ Բայց ոչ, պարզվում է, հեղափոխական թրենդը խաղի իր կանոններն ունի, որտեղ «արվեստը» ընդամենը կույր աղիքի պես մի բան է։ Անկեղծ ասած՝ ես, որ չվախեցող և չհուսահատվող տեսակ եմ, սկսում եմ վախենալ։ Վախենալ, որ ռնգեղջյուրացման էս տրամաբանությամբ շարժվելու դեպքում մշակույթի մեր հեղափոխական թրենդիստները նաև մշակույթում են հռչակելու նոր թրենդ՝ թավշյա մշակույթի թրենդը, որտեղ Սոս Սագսյանը, արդեն իմացանք, ժանր է, Մանեն և Մոնեն էլ երևի թե հակահեղափոխականներ, որովհետև, ինչպես ասվեց ԱԺ ամբիոնից, իրենք իրավունք չունեն համեմատվելու Մարտիրոս Սարսյանի գույների հետ։ Եվ ինչպես օրերս ինձ հետ անկեղծ զրույցում «կիսվեց» Գյումրիից Երևան «ակուրատնի» քայլածներից մեկը՝ «չե՞ք կարծում, որ թավշյա հեղափոխությունը իր նոր տեսակի մշակույթը պետք է ունենա»։ Ու ես առաջին անգամ իսկապես վախեցա, երբ մի պահ փորձեցի պատկերացնել հեղափոխության մշակութային թավիշը։ Եվ վերջում՝ իրական մի դեպք։ Փարիզում, հայտնի ցուցահանդեսներից մեկին հրավիրված էին ե՛ւ Պիկասոն և ԽՍՀՄ մշակույթի նախարար Ֆուրցևան։ Երկուսն էլ մոռացել էին իրենց հրավիրատոմսերը։ Երբ Պիկասոն, ապացուցելու համրար, որ ինքն է՝ մաքուր թղթի վրա արագ պատկերեց խաղախության աղավնուն՝ նրան ներս թողեցին։ Իսկ գիտե՞ք, ինչպես ներս մտավ Ֆուրցևան. նրան ասեցին՝ Պիկասոն ապացուցեց արագ մատիտանկար անելով, իսկ դո՛ւք ինչպես կապուցուցեք՝ նախարարը զարմացած հարցրեց՝ «Իսկ ո՞վ է Պիկաոսն»։ Նրան անմիջապես ներս թողեցին, որովհետև տված պատասխանից համոզվեցին, որ նա հաստատ ԽՍՀՄ մշակույթի նախարարն է։ Ու հիմա ես սկսում եմ վախենալ մշակութային ահա էս ռնգեղջյուրացումից, որից անդին վերջի սկիզբն է»։

Քաղաքականություն