Փաշինյանը ստիպված է եղել անձամբ «խառնվել գործին».պլան Բ. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Ապրիլի կեսերին տեղի կունենա ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որի ժամանակ էլ Արամ Սիմոնյանը կհեռացվի ռեկտորի պաշտոնից: Թե՛ կառավարության վերջին նիստի ժամանակ, թե ԱԺ-ում վարչապետը բացահայտ հայտարարեց, որ «նման ռեկտորները» նոր Հայաստանում այլեւս անելիք չունեն:
«Փաստ» թերթի տեղեկություններով, առկա են բավական բարդ ու խորքային խնդիրներ, այդ իսկ պատճառով էլ Փաշինյանն ստիպված է եղել անձամբ «խառնվել գործին»: Ի սկզբանե Փաշինյանին վստահեցրել են, որ ռեկտորի հարցը կլուծվի իրավական դաշտում՝ հարուցված քրեական գործ, վերահսկիչ մարմնի ստուգումներ եւ այլն, սակայն վարչապետին օրերս զեկուցել են, որ իրականում նման հիմքեր ուղղակի չկան, «ամբողջը ջուր է», գումարած՝ հոգաբարձուների խորհուրդը նույնիսկ օրակարգ չի կարողանում հաստատել, ուստի իրավական կարգավորումներով նրանից ազատվել չի լինի:
Ըստ այդմ, ստիպված են եղել անցնել պլան Բ-ին՝ քաղաքական որոշմամբ հեռացնել ռեկտորին: Այդ նպատակով, ըստ մեզ հասած տեղեկությունների, այս օրերին անհատապես ակտիվորեն «աշխատում» են հոգաբարձուների խորհրդի անդամների հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում