Ղոչախ կացեք. մասնագիտական հմտություններս ու գիտելիքներս չգնահատվեց.նախկին փոխմարզպետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արշակ Հովսեփյանն ազատվել է Լոռու փոխմարզպետի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Արշակ Հովսեփյանին ազատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից»,-ասված է վարչապետի որոշման մեջ:
Նախկին փոխմարզպետը իր ֆեյսբուքյան էջում, սակայն, գրառում է կատարել՝ նշելով, որ իր դիմումի համաձայն չէ ազատվել այդ պաշտոնից:
Գրառումն ամբողջապես ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի լոռեցիներ, մարզպետարանի հարգելի գործընկերներ։ Վարչապետի թիվ 305-Ա որոշմամբ ես ազատվել եմ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից, ոչ իմ դիմումի համաձայն, երևի թե իմ մասնագիտական հմտությունները և իմ գիտելիքները ու մարդկային բարձր որակները չգնահատվեց և չզգացվեց դրա կարիքը։ Այնուամենայնիվ, ես բավականաչափ ուժ և կորով ներդրեցի՝ ի փառս մարզի զարգացման, խնդիրների վերհանման և բարձրաձայնման։
Այս ամենը դժբախտաբար որակվեց որպես ոչ պրոֆեսիոնալիզմ, ուստի շատ չմանրանալով, հայտնում եմ Ձեզ, որ շարունակելու եմ իմ ակտիվ քաղաքական գործունեությունը, լինելու եմ միշտ Ձեր կողքին և ուշի ուշով հետևելու եմ քաղաքական զարգացումներին, մարզում տեղի ունեցող կադրային քաղաքականությանը և իմ կողմից պարբերաբար տեղի ունեցող իրադարձություններին տալու եմ քաղաքական գնահատականներ և որակումներ։ Ամենայն բարիք եմ մաղթում Ձեզ… Ղոչաղ կացեք…»: