Սիրիա. «Խալիֆայության» ամբողջական ոչնչացում. ԻՊ-ի 100 տոկոսանոց տարածքային պարտություն
Սիրիայի հյուսիսում գործող քրդամետ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» դաշինքը հայտարարել է երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին հենակետի՝ Բաղուզ բնակավայրի ազատագրման մասին: Այդ մասին Twitter-ի իր պաշտոնական էջում հայտնել է դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Մուստաֆա Բալին:
«SDF-ն հայտարարում է, այսպես կոչված, «խալիֆայության» ամբողջական ոչնչացման և ԻՊ-ի 100 տոկոսանոց տարածքային պարտության մասին», - գրել է Բալին:
SDF-ն ձևավորվել է 2015 թվականին, խմբավորումը միավորում է Սիրիայի հյուսիսում կռվող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատներին, ինչպես նաև տեղի ընդդիմադիր արաբներից, եզդիներից, ասորիներից, թուրքմեններից բաղկացած ջոկատներին: Ըստ որոշ աղբյուրների՝ SDF կազմում կռվում են նաև մի շարք հայեր:
Ի դեպ, Հունգարիայում ձերբակալել են սիրիացու, որը կասկածվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ լինելու համար: Ենթադրվում է, որ տղամարդը մահապատիժներ է իրականացրել: