ՀՔԾ-ն գրություն է ուղարկել «Ժողովուրդ» օրաթերթ
Երեկ` մարտի 20-ին, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը Հատուկ քննչական ծառայությունից գրություն է ստացել, որը թվագրված է մարտի 16-ին:
Armlur. am կայքը հրապարակել է օրաթերթի պատասխանը, որը ներկայացնում ենք ստորև. «Այսպիսով, ՀՔԾ-ն մարտի 16-ի գրությամբ դիմել է «Ժողովուրդ» օրաթերթին` հայտնելով. «2019 թվականի մարտի 14 եւ 15-ին «Ժողովուրդ» օրաթերթի համարներում հրապարկվել են 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների գործով որպես վկա հարցաքննված ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի եւ ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Գուրգեն Մելքոնյանի հարցաքնննությունների արձանագրություններից որոշ հատվածներ, որոնք հրապարակվել են առանց գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվության: Վերոգրյալի հիման վրա խնդրում եմ տրամադրել հիշյալ անձանց հարցաքննության արձանագրությունները ձեռք բերելու աղբյուրը»:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը, հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը («Լրատվական գործունեություն իրականացնողները եւ լրագրողները պարտավոր չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը»), չի պատրաստվում բացահայտել իր աղբյուրը, նույնիսկ ամենադաժան փորձությունների միջով պատրաստ ենք անցնել, սակայն մեր աղբյուրը չենք բացահայտի: Սակայն այս գրությունը այնքանով է տարօրինակ, որ ՀՔԾ-ն մեզ հորդորում է, որպեսզի մենք չհրապարակենք այլեւս մարտի 1-ի գործով մյուս վկաների ցուցմունքները, եթե նրանք մեզ մոտ են:
Բնականաբար, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՔԾ-ի հորդորները չի կարող կյանքի կոչել, քանի որ ՀՀ ոչ մի ուժային կառույց, ոչ մի իրավապահ մարմին իրավունք չունի մամուլի հետ հորդորներով կամ զգուշացումներով խոսելու: Եւ հետո` մենք տարածում ենք տեղեկություններ՝ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի եւ լրագրողական էթիկայի բոլոր նորմերը պահպանելով, հետեւաբար մենք շարունակելու ենք մեր գործելաոճը եւ երբեք չենք տրվելու որեւէ սադրանքի: Հատուկ քննչական ծառայության հորդորը ոչ այլ ինչն է, քան ճնշում` կասեցնելու մեր հետագա գործունեությունը: Ավելին, ՀՔԾ-ի` աղբյուներ բացահայտելու գործելաոճը եւ աղմուկ բարձրացնելը նպատակ ունի զրկելու մեզ լրագրողական աղբյուներից, որոնք մեր գործունեության բաղադրիչներն են, մենք աղբյուների միջոցով ենք կարողանում ինֆորմացիան հասանելի դարձնել հանրությանը:
«Ժողովուրդ» օրաթերթը կդիմանա նաեւ այս փորձությանը, եւ աղբյուր չբացահայտելով` կշարունակենք սպասարկել հասարակական շահը: Ի դեպ, նշենք, որ գրությունն ուղարկել է ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ, քրեական գործով քննչական խմբի ղեկավար Հր. Մուշեղյանը»: