Որևէ նախապայման Հայաստանի կողմից երբևէ չի եղել. Զոհրաբ Մնացականյան
Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության հիմնական երաշխավորը, ու շարունակելու է պահպանել իր պարտավորություններն ու աշխատել խաղաղության համար: Այս մասին, Aysor. am–ի փոխանցմամբ, Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը։
«Մենք առաջ ենք բերել հարց, որը վերաբերում է լիակատար արդյունավետ աշխատանքին: Մենք բացատրել ենք՝ ինչ է նշանակում Արցախի մասնակցությունը և դրա կարևորությունը՝ արդյունավետ աշխատելու համար։ Վստահ եմ՝ վարչապետի ելույթը լսել եք, այնտեղ եւս շատ հստակ արտահայտված է նույն միտքը, որ որևէ նախապայման Հայաստանի կողմից երբևէ չի եղել։ Հայաստանն աշխատելու է խաղաղության համար: Այս բոլոր հարցերի մասին մենք բազմիցս խոսել ենք, ԱԳՆ-ի հայտարարություն է եղել այդ առումով: Այսօրվա հանդիպումը նույնպես միտված էր նրան, որ մենք շարունակում ենք սերտ աշխատել Արցախի իշխանությունների հետ»,– ասաց Զոհրաբ Մնացականյանը։
Ինչ վերաբերում է առաջիկայում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպմանը, Մնացականյանն ասաց, որ Հայաստանը կառուցողական ու գործնական է տրամադրված:
Նշենք, որ այսօր Ստեփանակերտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ կայացել է Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ, որի օրակարգի հիմնական թեման վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում ներկա իրավիճակի համատեղ գնահատմանը եւ համակարգված գործողությունների ուրվագծմանը։ Նիստը տեւել է ավելի քան 7 ժամ։