2018-ին՝ 8.5 միլիարդ դրամ պետբյուջե է վերականգնվել․ ՊԵԿ նախագահի տեղակալ
ՊԵԿ վարչական շենքում տեղի է ունեցել ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանի հանդիպումը լրագրողների հետ: Թեման ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործերով վերականգնված գումարները, պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկները, ինչպես նաև հարկային վարչարարության բարեփոխումները, օրենսդրական նախաձեռնություններն էին:
Ներկայացնելով ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործերով վերականգնված գումարների, պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկների վիճակագրությունը՝ Ռուստամ Բադասյանն ասաց։
«2016, 2017, 2018 թվականների քրեական գործերի շրջանակներում պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկները. 2016 թվականին 86 քրեական գործի շրջանակում մոտ 5 միլիարդ 450 միլիոնի մասին է խոսքը գնում, 2017 թվականին 57 քրեական գործով 1 միլիարդ 830 միլիոնի մասին է խոսքը, արդեն 2018 թվականին ունենք 134 քրեական գործ, որով պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկներով՝ կա 23 միլիարդ և ավելի գումարի պատճառված վնաս: Ինչ վերաբերում է վերականգնումներին, ապա 2016 թվականին` 4.5 միլիարդ, 2017-ին` 8.4 միլիարդ, 2018-ին՝ 8.5 միլիարդ»,- ասաց Բադասյանը:
Բադասյանի խոսքով՝ պետությանը պատճառված վնասի հիմնական մասը գազալիքցքավորման գործունեություն իրականացնող տնտեսվարողների շրջանում է՝ 16 մլրդ դրամի չափով, դրան հաջորդում են շինարարական գործունեություն իրականացնող տնտեսվարողները՝ 1 մլրդ 273 մլն դրամ, ապա՝ կարգոներն ու ապահովագրական ընկերությունները։