Պաշտոնական Բաքվի արձագանքը Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը
«Մինսկի խմբի հայտարարությունն ազդակ է Հայաստանի համար, և մենք ողջունում ենք դա: Նախագահ Իլհամ Ալիևն՝ ընդունելով համանախագահներին, ներկայացրել է մեր երկրի դիրքորոշումը: Հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի միջև: Բանակցությունների ձևաչափը մնում է անփոփոխ»,- նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան: Այս մասին տեղեկանում ենք «Թուրան» լրատվական գործակալությունից: Հիշեցնենք,որ երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել, որում ասվում էր. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը՝ Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիա եւ Էնդրյու Շոֆերը՝ ԱՄՆ ) ողջունեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատրաստակամությունը՝ շուտով հանդիպելու համանախագահների հովանու ներքո: Համանախագահները, որոնք սերտորեն համագործակցում են երկու արտգործնախարարների հետ, նախապատրաստական աշխատանքներ էին տանում ղեկավարների այս կարեւոր հանդիպման համար, որը լինելու է երկու ղեկավարների միջեւ առաջին ուղիղ շփումը համանախագահների հովանու ներքո: Համանախագահներն ընդգծում են այնպիսի միջավայրի պահպանումը, որը թույլ կտա իրականացնել արդյունավետ քննարկումներ եւ շարունակում են դրականորեն գնահատել վերջին շրջանում շփման գծում մահվան դեպքերի բացակայությունը: Համանախագահները նաեւ ողջունում են որոշ սկզբնական քայլերը, որոնք իրականացվում են տարածաշրջանում՝ նախապատրաստելու բնակչությանը խաղաղությանն ու քաջալերելու կողմերին ինտենսիվացնել նման ջանքերը: Միեւնույն ժամանակ համանախագահները վերահաստատում են լարվածության թուլացման ու հրահրող հռետորաբանության նվազեցման խիստ անհրաժեշտությունը: Այս համատեքստում համանախագահները կոչ են անում կողմերին զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք ենթադրում են տեղում իրադրության փոփոխություն, նախապես վճռում են ապագա բանակցությունների արդյունքը կամ ստեղծում են նախապայմաններ, առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում են ձեւաչափի միակողմանի փոփոխություն կամ ցույց են տալիս պատրաստակամություն վերսկսելու ռազմական գործողությունները»: Հայտարարությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ. https://www.radioaurora.am/novosti/2019-03-09-lernayin-gharabaghi-shrjaka-taratsqneri-veradardz-adrbejanin-mijankyal-kargavichak-lernayin-gharabaghi-hamar-eahk-minski-khmbi-hamanakhagahnery-haytararutyun-en-taratsel.html

Պատահարներ