Արսեն Թորոսյանը իր գործը իդեալական է անում, որպես առողջապահության նախարար. Բաբկեն Թունյան
Նման դեբատները իշխանության ներսում անհրաժեշտ են, որովհետեւ առանց դրա համակարգը չի կարող առողջ աշխատել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հակածխախոտային նախաձեռնություններին եւ կառավարության նիստում իր եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ տեղի ունեցածին: Նա, մասնավորապես, գրել է. «Ինձ շատերը հարցնում են՝ ինչպե՞ս եմ վերաբերվում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հակածխախոտային նախաձեռնություններին՝ հաշվի առնելով դրանց տնտեսական հետեւանքները։ Ես հիմա կգրեմ էն, ինչ պատասխանում եմ. Արսեն Թորոսյանը իր գործը իդեալական է անում, որպես առողջապահության նախարար, որպես պաշտոնյա, ում համար առաջնային է մարդկանց առողջությունը։ Մենք էլ պիտի մեր գործը իդեալական անենք՝ որպես տնտեսական բլոկի պատասխանատուներ, տնտեսական շահերը առաջ տանողներ։ Իհարկե, դա չի նշանակում, որ Արսեն Թորոսյանը տնտեսության մասին չի մտածում, կամ ես ու մեկ ուրիշը՝ առողջության մասին։ Բայց մեր ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ բախման արդյունքում պիտի գանք օպտիմալ լուծմանը, որը լավագույնս կհավասարակշռի տնտեսական ու առողջապահական շահերը։ Ընդհանրապես, նման դեբատները իշխանության ներսում, միջեւ (ասենք, ֆիննախ եւ էկոնոմիկայի նախարարություն) անհրաժեշտ են, որովհետեւ առանց դրա համակարգը չի կարող առողջ աշխատել։ Ու ոչ մի դեպքում էդ դեբատը, որքան էլ թեժ լինի, չպիտի վերածվի անձնական թշնամանքի կամ հակամարտության»:

Պատահարներ