Նավասարդյանից փորձել են գումար շորթել՝ սպառնալով վարկաբեկիչ տեղեկություններ հրապարակել
Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում շորթում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Shamshyan. com-ի փոխանցմամբ, նշված քրգործը հարուցվել է Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 66-ամյա Հենրիկ Նավասարդյանի դիմումի փաստով: Վերջինս ոստիկանության Թալինի բաժին հայտնել է, որ 2018 թ.-ի նոյեմբերին իրեն է զանգահարել Երևանի բնակիչ Արման Սարգսյանը, ներկայացել որպես լրագրող և իրենից պահանջել գումար: Հ. Նավասարդյանի կողմից մերժողական պատասխան ստանալուց հետո Ա. Սարգսյանը նրան ասել է, որ եթե իրեն չօգնի գումարով, ապա իր մասին կայքում վարկաբեկիչ նյութեր կհրապարակի: Կայքի տեղեկություններով՝ Ա. Սարգսյանը նմանատիպ բազմաթիվ զանգեր է հնչեցրել մի քանի գյուղապետերի, պաշտոնատար անձանց, առաջարկել իրեն գումար տրամադրեն, որոշ դեպքերում էլ հեռախոսով SMS –ներ է ուղարկել, սակայն մերժում ստանալուց հետո սպառնացել է մարդկանց, որ նրանց մասին վարկաբեկիչ նյութեր կհրապարակի իր կողմից ստեղծված էլեկտրոնային լրատվամիջոցում: Եղել է նաև դեպք, երբ նա Արմավիրի մարզի գյուղապետերից մեկին սպառնացել է, որ եթե գումար չտա, ապա ինքը բողոք կներկայացնի իրավապահներին, որ գյուղապետը իր վրա զենք է պահել ու նման հայտարարությամբ դիմել է ոստիկանություն: Հենրիկ Նավասարդյանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետն է:

Պատահարներ