Ձեր դատաստանին պիտի լինեմ ներկա. դպրոցի նախկին տնօրենը՝ Աշոտյանին
Կողբի դպրոցում նախկինում տնօրեն աշխատած Ռուզան Եղիկյանը բաց նամակով դիմում է պաշտոնաթող ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին՝ հայտնելով, որ արդարությունը վերականգնվել է, քանի որ ժամանակին իրեն անհարկի էին ազատել աշխատանքից: Այս մասին տեղեկացնում է Հայկական ժամանակը:
Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
Բաց նամակ Արմեն Աշոտյանին
...Ձեր դատաստանին պիտի լինեմ ներկա /Ս.Կապուտիկյան/
Անցել են տարիներ, սակայն հոգումս ծվարած այրող վիրավորանքն ու արթուն ցավը չեն լքում ինձ։ Եվ այդ ամենի դաժան մեղավորը դուք եք , կրթության նախկին «մտահոգ» նախարար , ուստի ուզում եմ մի անախորժ զրույց սկսել ձեզ հետ։
Գուցե հիմա պատեհ առիթն է ձեզ հասկացնելու, թե ինչ է վիրավորանք ծնող և արժանապատվություն ոտնահարող կողոպտիչ երևույթը։ «Չ.ի» թ. 266 և թ. 273 համարներում ձեզ ուղղված նամակներս խոսում են իմ այն համոզման մասին, թե կրթության համակարգը , համենայն դեպս , մեր ժամանակների կաթվածահար պայմաններում հեռու է անարդար լինելուց, սակայն, քավ լիցի, ոչ միայն հեռու, այլև կանգնած է անարդարության բարիկադներում և «տերը ես եմ, բակլան խաշած եմ ցանում» քմահաճույքային թելադրանքով տնօրինում է այս կամ այն մեկի աշխատանքային ճակատագիրը ։
Ոչինչ այնքան գովելի ու գնահատելի չէ, որքան արդարության և ճշմարտության համար հաստատված պայքարը . ցավոք ձեր և ձեր թիմակիցների ազգադավ տիրապետության օրոք այդ պայքարի որդեգիրները ենթակա էին տարազգեստ հետապնդումների։ 90-ական թվականներին Նոյեմբերյանի «Ազատության հրապարակում» ես մարտնչում էի այսօրվա անկախության համար և որովհետև 90֊ական թվականներին որոշ խորհրդային «գիշատիչներ» դեռ ասպարեզում էին ( թեպետ լոլիկի ու ձվերի տարափով ժողովուրդը նրանց հեռացրեց հրապարակից , սակայն չհեռացրեց աթոռներից) բնականաբար պիտի վրեժ լուծեին ինձ նմաններից ։
Առանց պատճառի ազատեցին Կողբի թ. 2 դպրոցի տնօրենի պաշտոնից ( 11 տարի ես աշխատել էի այդ պաշտոնում ) ։ Հոգ չէր, հայրենի դպրոցում մայրենի լեզու և գրականություն էի դասավանդում, ուսուցչի աշխատանքը ունի մի հրաշալի կռվան և այն ոչ մի հողմի առաջ չի տապալվի . դա սաների գնահատականն է ։ Ցավալի էր, որ իմ աչքի առաջ տարածաշրջանում բարձր հեղինակություն վայելող հարազատ դպրոցս տեղական չինովնիկների ու պաշտոնյաների ճիրաններում կիսախեղդ էր լինում, դպրոց, որտեղ գործում էր «հրամայողը ես եմ, ո՞վ է կանգնելու իմ առաջ » կարգախոսը։
Դիմեցի ձեզ՝ հավատալով ձեր ճշմարտությանը ։ Միամիտ պայքար. չէի պատկերացնում, որ ժողովրդավարություն և արդարություն վանկարկող ձեր «ախորժակով» խմբի դեմ իմ պայքարը դժվար է լինելու , սակայն հավատում էի իմ անդավաճան կամքին և պղծված վերնախավի խղճի արթնացմանը։
Տավուշի նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանի և ձեր անտարբեր վերաբերմունքի դաշնակցությամբ դպրոց գործուղված կրթության նախարարության տեսչական անձնակազմը ՝ տեսուչ Լեյլա Սարգսյանի ղեկավարությամբ , դպրոցում կազմակերպվեց մանկավարժական շոու ՝ նպատակ ունենալով շանտաժի ենթարկել կոլեկտիվի «ըմբոստ» հատվածին ։
Դպրոցի 25 վաստակաշատ մանկավարժներ , ստորագրությամբ վավերացնելով իրենց ճշմարիտ պահանջը , դիմել էին մարզպետ Ղուլարյանին, սակայն այն մնաց ձայն բառբառո հանապատի , իսկ շուրջ 100 արդարատենչ կողբեցիներ դիմել էին կրթության նախարարությանը ։ Բոլորի պահանջը մեկն էր ՝ չխաթարել դպրոցի ուսումնական աշխատանքների բնականոն ընթացքը ։ «Ամենակարող» մարզպետի հանձնարարականով ոստիկանությունը վախեցնում էր «անհնազանդ» կողբեցիներին ՝ նրանց հարազատներին աշխատանքից ազատելու սպառնալիքով ։
Դպրոցի նախկին տնօրենի որդին ՝ Կ. Նազարյանը , որ շատ հեռու էր մանկավարժ լինելուց ( դե սահմանամերձ Բերդավանի դպրոցում մի քանի տարի աշխատել էր որպես Ինֆորմատիկա առարկայի ուսուցիչ ՝ հայոց բանակում ծառայությունից ազատվելու համար ) շուրջ մեկ տարի և դպրոցի տնօրեն էր և Բագրատաշենի ՍՊԸ մաքսային պահեստի տնօրեն ։
Դասամատյանը ձեռքիս մտնում էի 9-րդ դասարան ՝ գրականության դաս պարապելու, երբ հնչեց խամաճիկ-տնօրենի պահանջը. -Թողեք դասը և գնացեք ։ Չեմ կարող չմտաբերել մարդու չարամիտ արարքները բնութագրող ազնվաբարո Բելինսկու խոսքերը. «Ցածրոգի մարդկանց համար չկա ավելի հաճելի բան, քան վրեժխնդիր լինել իրենց ոչնչության համար»։ Երկու տարի տևեց իմ ՝ 45-֊ամյա աշխատանքային ճանապարհ անցած մանկավարժիս անարդարության դեմ մղած պայքարը։ Փառք աստծո , վերաքննիչ դատարանը վերականգնեց ինձ աշխատանքում։ Վենդետայի թույնով արբած տնօրենը երկրորդ ապօրինի հրամանը արձակեց ։
Լրացավ իմ 63 տարեկանը և գտավ, որ պետք է գնամ թոշակի ։ «Մտահոգ» հանրապետական Արմեն Աշոտյան , ինչու՞ մոռացաք , որ հայոց լեզուն իր քաջարի արիությամբ մաքառել է օտարերկրյա բազմակճղակ նվաճողների դեմ , իսկ այսօր էլ պայքարում է բոլոր նրանց դեմ , ովքեր կհանդգնեն սուր բարձրացնել մեր հոգևոր գոյատևման հայոց բերդի ՝ դպրոցի դեմ։ Իմ բազում աշակերտները, որ արվեստագետներ են, բժիշկներ ու ուսուցիչներ , հողի նվիրյալներ ու մարդասեր կողբեցիներ , Հանրապետության հրապարակում պայքարում էին ձեր և ձեր նմանների դեմ:
Ռուզան Եղիկյան Ժողովրդական կրթության գերազանցիկ
Ուսուցիչ-֊մեթոդիստ