Օրվա լրահոս

Անցած տարվա վերջին՝ 2015 թվականի նոյեմբերին, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2015» զեկույցը, որտեղ ներկայացված են 2014 թվականի աղքատության մակարդակին վերաբերող ցուցանիշներ։
Ըստ ԱՎԾ-ի՝ 2014 թվականին աղքատության ցուցանիշը հանրապետությունում կազմել է 30%։ Նախորդ տարվա՝ 2013-ի համեմատ, աղքատության ցուցանիշը նվազել էր 2 տոկոսային կետով։ Աղքատ գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին ընդհանուր գծից (2014 թվականին դա եղել է ամսական 40 264 դրամ)։ Շատ աղքատները (ում ամսական սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է աղքատության ստորին ընդհանուր գծից՝ 33 101 դրամից) բնակչության 10.9%-ն են։

ՀՀ պաշտոնական վիճակագրությունն աղքատության գծի հաշվարկման համար, բնականաբար, հիմք է վերցնում սպառողական զամբյուղի ամսական արժեքը։ Իսկ միջազգային վիճակագրության մեջ, սովորաբար, աղքատության ցուցանիշը հաշվարկելու համար հիմք է վերցվում օրական միջին սպառումը՝ դոլարով։ Դա արվում է տարբեր երկրների ցուցանիշները համադրելի և համեմատելի դարձնելու համար։
Ըստ մեր ԱՎԾ-ի՝ 2014 թվականի Հայաստանի աղքատության մակարդակը գնահատելու համար հիմք է վերցվել օրական 1330 դրամը։ Դոլարային արտահայտությամբ դա կազմում է օրական 3.2 դոլար (2014 թվականին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը եղել է 415,92 դրամ)։ Այսինքն, աղքատ են համարվել ՀՀ այն բնակիչները, որոնց օրական սպառումը ցածր է եղել 3.2 դոլարից։
Սակայն, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից բացի՝ նման ցուցանիշներ հրապարակում են նաև միջազգային կառույցները, օրինակ՝ Համաշխարհային բանկը։ Բնականաբար՝ սեփական մեթոդաբանությամբ և սեփական ճշգրտումների արդյունքում։

Իսկ ՀԲ-ի հրապարակած աղքատության ցուցանիշն իրոք սարսափելի է։ Այսպես, ՀԲ-ն աղքատության մակարդակը ներկայացնում է 2 առանձին չափանիշներով. մեկը՝ օրական 2.5 դոլար սպառման տեսանկյունից, մյուսը՝ օրական 5 դոլար սպառման տեսանկյունից։
2.5 դոլարի տեսանկյունից աղքատության մակարդակը Հայաստանում 2014 թվականին կազմել է 26%։ Իսկ օրական 5 դոլարի տեսանկյունից՝ 76%-ը։ Իհարկե, կարող եք ասել, որ դա ազնիվ չէ։ Որ աղքատության ավելի մեծ թիվ ստանալու համար կարելի է դիտարկել օրական 10 դոլարը, ու կունենանք, ասենք, 90%-ից ավելի աղքատություն։
Սակայն օրական 5 դոլարի շեմն օդից վերցված ցուցանիշ չէ։ Այն տարածված և ընդունված գնահատման չափանիշ է։
Օրինակ, Վրաստանում 5 դոլարի տեսանկյունից աղքատության մակարդակը 2014 թվականին կազմել է 69%, իսկ 2.5 դոլարի տեսանկյունից՝ 32%։
Իսկ օրական 10 դոլարի հետ կապված՝ նույնպես գնահատականներ կան։ Ըստ ՀԲ-ի՝ 2014 թվականին օրական 10 դոլար և ավելի սպառում ունեցող հայաստանցիների թիվը բնակչության 3.22%-ն է։ Մեկ շնչի հաշվով օրական 10 դոլարի (կամ՝ ամսական 300 դոլար) սպառում ունեցողին, իհարկե, աղքատ համարել դժվար է։ Սակայն ունևոր համարել՝ ավելի դժվար է։

Օրական 10 դոլար և ավելի սպառում ունեցողներին կարելի է համարել միջին խավի ներկայացուցիչ։ Ու ըստ այդմ ստացվում է, որ Հայաստանում միջին խավը շուրջ 3%-ի սահմաններում է, իսկ դա չափազանց մտահոգիչ ցուցանիշ է։
Վերադառնալով օրական 5 դոլարին՝ նկատենք, որ Հայաստանի պարագայում օրական այդքան սպառումը նշանակում է՝ ամսական 72 հազար դրամ (այսօրվա փոխարժեքով)։
Զեկույցում նշված է նաև, որ ՀՀ տնային տնտեսությունների եկամտի 28%-ի աղբյուրը կենսաթոշակներն են, 47%-ը՝ վարձու աշխատանքը։ Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն (գնողունակության պարիտետով հաշվարկված), ըստ ՀԲ-ի՝ 2014 թվականին եղել է 8070 դոլար, իսկ մեկ շնչին բաժին ընկնող համախառն ազգային եկամուտը՝ 4020 դոլար։

Վերջին նորություններ