15:00 Լուրերը մեկ տողով. Multi Wellness -ը նոր անուն ունի. ՀԷՑ-ի արձագանքը՝ Կարապետյանին
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը հերքել է ընկերության նախկին ղեկավարության պնդումները՝ դրանք որակելով սուտ։ Նա հայտնել է, որ բացահայտված մասշտաբային չարաշահումների, հավելագրումների և ապօրինի միացումների փաստերով աշխատանքից ազատվել են հարյուրավոր աշխատակիցներ, ինչպես նաև հարուցվել են տասնյակ քրեական վարույթներ։
•Երևանում վերաբացվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող նախկին Multi Wellness կենտրոնը, որն այսուհետ գործելու է Yerevan Wellness Center անվան ներքո: Համալիրը գործելու է նոր ձևաչափով, իսկ դրա տնօրեն է նշանակվել ՔՊ նախընտրական քարոզարշավին ակտիվ մասնակցած նախկին մարզիչը։
•ԲՀԿ պատգամավորի թեկնածու Արման Աբովյանն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի՝ բանտից հնչեցրած ուղերձին։ Նա ընդգծել է երկրի առջև ծառացած վտանգները և նշել, որ Ազգային ժողովում ճգնաժամը հաղթահարելու ծրագրի բացակայությունը կարող է հանգեցնել անվերահսկելի ցնցումների։
•Բաքվում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Բալեյանը տանելով տպավորիչ հաղթանակներ՝ նվաճել է կիսաեզրափակիչի ուղեգիր:
•ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոշոր բիզնեսներից ներգրավվել է ավելի քան 800 միլիոն դոլարի նվիրատվություն: Գումարն ուղղվելու է ոչ առևտրային ծրագրերին, այդ թվում՝ Սպիտակ տանը նոր պարահանդեսային դահլիճի կառուցմանը։
•Ֆրանսիայում անտառային հրդեհներ բռնկելու կասկածանքով բերման է ենթարկվել ավելի քան 300 մարդ, որոնցից 120-ն անչափահաս են: Եվրոպայում ռեկորդային ծավալների հասած հրդեհների դեմ պայքարում ներգրավվել են Եվրամիության քաղաքացիական պաշտպանության մեծաքանակ ուժեր։