«Վեոլիա ջուր»-ը կարևոր հայտարարությամբ է հանդես եկել
Վերջին օրերին հանրային տիրույթում և սոցիալական հարթակներում տարածվում են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից մատակարարվող խմելու ջրի որակի վերաբերյալ տարբեր գնահատականներ և պնդումներ, որոնք հիմնված չեն մասնագիտական եզրակացությունների կամ պաշտոնական տվյալների վրա։
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն հայտարարում է, որ սպառողներին մատակարարվող խմելու ջուրը գտնվում է անընդհատ և շուրջօրյա վերահսկողության ներքո: Ջրի որակը պարբերաբար ստուգվում է լաբորատոր հետազոտությունների միջոցով, իսկ ստացված արդյունքները մշտապես գնահատվում են գործող նորմատիվ պահանջներին համապատասխան։
Միաժամանակ հարկ է ընդգծել, որ խմելու ջրի որակի նկատմամբ վերահսկողություն իրականացնում է ոչ միայն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն։ Օրենքով սահմանված կարգով, այն մշտապես վերահսկվում է նաև պետական իրավասու մարմինների կողմից, որոնք իրականացնում են անկախ վերահսկողություն և արձանագրում են ցանկացած խախտում։ Հետևաբար, եթե խմելու ջրի որակի հետ կապված առկա լինեին առողջության համար վտանգ ներկայացնող շեղումներ կամ գործող նորմերի խախտումներ, դրանք անպայման կարձանագրվեին պետական վերահսկողություն իրականացնող մարմինների կողմից և կդառնային հանրային իրազեկման առարկա։
Հարկ ենք համարում նաև ընդգծել, որ հանրային քննարկումների առարկա դարձած ջրի կոշտությունը խմելու ջրի անվտանգության չափանիշ չէ և չի համարվում առողջության համար վտանգ ներկայացնող գործոն։ Ջրի կոշտությունը պայմանավորված է միայն տվյալ ջրաղբյուրի երկրաբանական առանձնահատկություններով։ Իսկ քանի որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն տարբեր տարածաշրջաններում իր սպառողների ջրամատակարարումն իրականացնում է տարբեր ջրաղբյուրներից, հետևաբար ջրի առանձին ֆիզիկաքիմիական ցուցանիշները, այդ թվում՝ կոշտությունը, կարող են տարբեր լինել՝ պայմանավորված բացառապես աղբյուրների բնական առանձնահատկություններով։ Հատկանշական է նաև, որ 2027 թվականից ուժի մեջ մտնող նոր կարգավորումները ևս արտացոլում են ջրի կոշտության նկատմամբ կիրառվող մոտեցումների փոփոխությունը՝ այն չդիտարկելով որպես հանրային առողջության ռիսկ բնութագրող ցուցանիշ (որոշումը՝ https://www.arlis.am/hy/acts/185734):
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն պատասխանատվությամբ հայտարարում է, որ սպառողներին մատակարարվող խմելու ջուրը գտնվում է շարունակական վերահսկողության ներքո և համապատասխանում է գործող սանիտարահիգիենիկ պահանջներին։
Միաժամանակ կոչ ենք անում լրատվամիջոցներին, սոցիալական հարթակների օգտատերերին և բոլոր շահագրգիռ կողմերին զերծ մնալ ընկերության գործունեության վերաբերյալ չստուգված, մասնագիտական եզրակացություններով չհիմնավորված և ընկերության նկատմամբ ուղղորդված բնույթ կրող տեղեկությունների տարածումից։ Հանրային առողջությանը վերաբերող ցանկացած տեղեկատվություն պետք է հիմնված լինի բացառապես փաստերի, լաբորատոր հետազոտությունների արդյունքների և իրավասու մարմինների պաշտոնական գնահատականների վրա»,- ասվում է հայտարարությունում։
Նմանատիպ հոդվածներ
Աղիքային վարակի դեպքեր Բյուրեղավանում․ բնակիչներին զգուշացնում են
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքերի ֆոնին շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրությունները։ Առողջապահ...
Ոսկու գնի կտրուկ անկում՝ միջազգային շուկաներում
ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ հուլիսի 17-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխար...
Ոսկու գնի անկում՝ միջազգային շուկաներում
ՀՀ կենտրոնական բանկից <<Արմենպրես>>-ին տեղեկացնում են, որ հուլիսի 16-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները....
Երևանում՝ սաստիկ շոգ, մարզերում՝ ուժեղ քամի, անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում հուլիսի 10-14-ի կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպր...