Արգենտինայի հավաքականը դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ
Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի ազգային ընտրանին աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ փուլում, լրացուցիչ ժամանակում 3-1 հաշվով առավելության հասավ Շվեյցարիայի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Խաղի հաշիվը 10-րդ րոպեին արագորեն բացեց Ալեքսիս Մակ Ալիստերը, ում փոխանցում կատարեց Լիոնել Մեսսին, որն աշխարհի առաջնությունների պատմության մեջ ամենաշատ գոլային փոխանցում հեղինակած ֆուտբոլիստն է։ Արգենտինացիները երկար ժամանակ առջևում էին, սակայն երկրորդ խաղակեսի 67-րդ րոպեին Դան Նդոյեն հավասարեցրեց այն։ Քիչ անց՝ 72-րդ րոպեին, Շվեյցարիայի հավաքականը մնաց 10 ֆուտբոլիստով, քանի որ երկրորդ դեղին քարտի պատճառով խաղադաշտից հեռացվեց Բրիլ Էմբոլոն։
Հատկանշական է, որ դեպի կիսաեզրափակիչ տանող ճանապարհին Արգենտինան փլեյ-օֆֆի բոլոր փուլերը հաղթահարել է հենց լրացուցիչ ժամանակում։ Այս անգամ ևս հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի։ Թվային առավելություն ստացած արգենտինացիները լրացուցիչ ժամանակում կարողացան վճռական ճնշում գործադրել և հասնել ցանկալի արդյունքի։ 112-րդ րոպեին Խուլիան Ալվարեսը, ստանալով Ֆլակո Լոպեսի փոխանցումը, հեռահար ու գեղեցիկ հարվածով առաջ մղեց իր թիմին, իսկ արդեն 120+1-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսը ձևակերպեց 3-1 վերջնական հաշիվը։
Այսպիսով, արգենտինացիները շարունակում են պայքարը տիտղոսի պաշտպանության համար և կիսաեզրափակիչում ուժերն են չափելու Անգլիայի հավաքականի հետ։ Այդ դիմակայությունը կայանալու է հուլիսի 15-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին։
Նմանատիպ հոդվածներ
Իսպանիան հաղթեց Բելգիային և կիսաեզրափակչում կմրցի Ֆրանսիայի հետ
Աշխարհի 2026 թվականի առաջնության քառորդ եզրափակիչ փուլում Իսպանիայի ազգային ընտրանին բարդ պայքարում 2-1 հաշվով հաղթանակ...
Արման Ծառուկյանը 11-0 հաշվով հաղթեց Կուատ Խամիտովին
Հուլիսի 11-ին Թբիլիսիում անցկացված «RAF Georgia» (Real American Freestyle) ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում հայազգի մարտիկ...
Մաքգրեգորը կրկին ծանր վնասվածք ստացավ և պարտվեց Հոլուեյին
Լաս Վեգասում անցկացված UFC 329 մրցաշարի գլխավոր մենամարտում մրցել են UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլան...
Էկվադորում պետական հանգստյան օր է հայտարարվել ֆուտբոլային նվաճման պատճառով
Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան երկրում պետական հանգստյան օր է հայտարարել՝ կապված ազգային հավաքականի՝ 2026 թվականի աշխարհ...