Մեղադրողը բացատրեց, թե ինչու Ղուկասյանը պետք է մնա կալանքի տակ

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստի ընթացքում, դեկտեմբերի 17-ին, մեղադրող կողմը հայտարարեց, որ նախաքննության ընթացքում նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանք, ինչպես նաև սահմանափակվել է հաղորդակցությունների իրավունքը՝ բացառությամբ մերձավոր ազգականների և ընտանիքի անդամների հետ շփման։


Մեղադրողի խոսքով՝ դատարանների կողմից արդեն իսկ արձանագրվել է, որ քրեական վարույթում առկա են բավարար փաստական տվյալներ, որոնք վկայում են, որ մեղադրյալը առնչություն ունի իրեն մեղսագրվող հանցավոր արարքի կատարման հետ։ Առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկվել է, սակայն վերաքննիչ դատարանը ևս համակարծիք է եղել այդ դիրքորոշման հետ։


Մեղադրող կողմը նշեց, որ այս փուլում հիմնավոր կասկածի առկայությունը լրացուցիչ խորացված հիմնավորման կարիք չունի, քանի որ քրեական գործում առկա տվյալները բավարար են այն հաստատելու համար։ Ըստ մեղադրողի՝ առկա է բարձր ռիսկ, որ Վարդան Ղուկասյանը, ազատության մեջ մնալու դեպքում, կարող է կատարել նոր հանցավոր արարք կամ չկատարել մեղադրյալի վրա դրված դատավարական պարտականությունները, այդ թվում՝ անօրինական ազդեցություն գործադրել գործով անցնող անձանց վրա։


Նշվեց նաև, որ նույն դատարանում ներկայումս քննվում է մեկ այլ քրեական գործ, որը, ըստ մեղադրող կողմի, կարող է վկայել մեղադրյալի կողմից մի քանի հանցավոր արարքների կատարման մասին և բնութագրել նրա հետագա վարքագիծը։ Գործում առկա են նաև ձայնագրություններ, որտեղ Վարդան Ղուկասյանը խոսում է ապագայում հնարավոր անօրինական գործողությունների մասին։


Հանրային մեղադրողը շեշտեց, որ հաշվի առնելով մեղադրյալի զբաղեցրած նախկին բարձր պաշտոնը, ունեցած հեղինակությունը և այն հանգամանքը, որ վկաների մեծ մասը աշխատել է նրա անմիջական ենթակայության ներքո, առկա է նրանց վրա ազդեցություն գործադրելու իրական հնարավորություն։ Այդ հիմքով միջնորդություն ներկայացվեց Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը ևս երեք ամսով երկարաձգելու վերաբերյալ՝ նշելով, որ ապացույցների հետազոտման փուլը դեռ առջևում է և կարող է երկար տևել։


Դատական նիստի ընթացքում Վարդան Ղուկասյանը տեղից արձագանքեց՝ նշելով. «Քիչ է։ Ես չեմ կարող այլ կերպ ինձ պահել, որովհետև անմեղ տեղը բերել, կոխել են էստեղ իրանց երեսից»։

Քաղաքականություն

Պատահարներ