ԵՄ-ն չի միջամտում Հայաստանի ներքին գործերին․ Խանդանյան

Ընդհանրապես հիբրիդային հարձակումները և ապատեղեկատվությունը միայն հայաստանյան խնդիր չեն.  աշխարհում ժողովրդավարությունը հիբրիդային հարձակումների է ենթակվում տարբեր տեղերից, և այս առումով Եվրամիությունը և մի շարք այլ կառույցներ, ունեն որոշակի գործիքակազմ, որը ցույց է տվել որոշակի արդյունավետություն: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով հիբրիդային դրսևորումների դեմ պայքարի հարցում ԵՄ հետ համագործակցությանը:


«Այստեղ որևէ միջամտության հարց չի կարող լինել ՀՀ ներքին գործերին, որովհետև սա փորձի փոխանակման շրջանակներում է տեղի ունենում, իսկ ընդդիմադիր գործընկերներին ներքին միջամտության տեսանկյունից ես կուզենայի, որ դուք հարցնեիք՝ օրինակ՝ ռուսաստանցի օլիգարխի միջամտությանը ՀՀ ներքին քաղաքական կյանքին ի՞նչ գնահատական կտան: Ես չեմ ասում նրա մասնակցությունը կոչվում է հիբիդային պատերազմ, ես ասում եմ՝ ընդդիմադիրները մեզ մեղադրում են, որ ԵՄ-ն երկրի ներքին գործերին է խառնվում, բայց երկրի ներքին գործերին խառնվելու ցցուն օրինակներ ենք տեսնում»,- ասել է նա:


Խանդանյանի խոսքով՝ Հայաստանը ներսից է հիբրիդային հարձակումների ենթարկվում։


«Ես չեմ պնդում, որ միայն Ռուսաստանից են գալիս այդ սպառնալիքները, բայց երբ նայում ենք ռուսական պետական հեռուստաալիքների և հայտնի դեմքերի մտքերը և արտահայտությունները ՀՀ-ի նկատմամբ, ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացների նկատմամբ՝ կարող ենք արձանագրել, որ դա ևս հիբրիդային կամ Հայաստանի ժողովրդավարության դեմ ձեռնարկված որևէ քայլ է:


Մենք դրսից մարդիկ չենք բերում, Հայաստանը ԵՄ-ի հետ համագործակցում է, ի թիվս այլ թեմաների, նաև ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ, այդ թվում՝ նմանատիպ սպառնալիքների դեմ եվրոպական գործիքակազմից օգտվելու համար: Խոսքը ֆինանսական ռեսուրսների մասին չէ միայն, խոսքը մեթոդաբանության և գործիքակազմերի մասին է»,- ասել է Սարգիս Խանդանյանը:


Քաղաքականություն

Պատահարներ