Անդրեասյանը՝ վրացերենը Հայաստանի դպրոցներում ներդնելու մասին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Մարիամ Լաշխինի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Ողջունելով Մարիամ Լաշխինին և պատվիրակության անդամներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու երկրների օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև սերտ ու արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը։ Նա ընդգծել է, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում առկա է լայնածավալ համագործակցության ներուժ, որը կարող է էական դեր ունենալ երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում։
Խոսելով կրթության ոլորտում համագործակցության խորացման մասին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի դպրոցներում վրացերենի՝ որպես օտար լեզվի ուսուցման ներդրումը, ինչպես նաև վրացերեն դասավանդող մասնագետների պատրաստման և համատեղ վերապատրաստումների կազմակերպման անհրաժեշտությունը։ Այս քայլերը, ըստ նախարարի, հնարավորություն կտան ավելացնելու վրացերեն դասավանդող դպրոցների թիվը Հայաստանում։ Միաժամանակ, կարևորվել է համատեղ աշխատանքը Վրաստանի հայալեզու դպրոցներում հայոց լեզվի և գրականության դասավանդման զարգացման, ինչպես նաև դասագրքերով ապահովման ուղղությամբ։
Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովի նախագահ Մարիամ Լաշխինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել երկու երկրների միջև ոլորտային համագործակցության մեծ ներուժը։ Նա առաջարկել է դիտարկել հատկապես գիտության ոլորտում կապերի ընդլայնումը՝ համատեղ իրականացնելով միջազգային կրթական և հետազոտական ծրագրեր, այդ թվում՝ «Erasmus+»-ի և «Horizon Europe»-ի շրջանակում։ Գիտության և հետազոտության ոլորտում համագործակցության ընդլայնման համատեքստում կողմերը կարևորել են Երևանի պետական համալսարանում գործող Վրացագիտության կենտրոնի գործունեությունը։ Միաժամանակ, անդրադարձ է եղել Թբիլիսիի պետական համալսարանում հայագիտական կենտրոնի գործունեությանն ու դրա զարգացման հեռանկարներին: Կողմերը կարևորել են նաև միջպետական կրթաթոշակային ծրագրի իրականացումը, որի շրջանակում փոխանակման հիմունքներով տրամադրվում է 10 մագիստրոսական կրթաթոշակային տեղ, այդ թվում՝ հայագիտության և վրացագիտության ոլորտներում։
ԿԳՄՍ նախարարն ընդգծել է նաև Հայաստանում և Վրաստանում երիտասարդական համաժողովների անցկացման կարևորությունը՝ նշելով, որ դրանք նպաստում են երկու երկրների երիտասարդների միջև երկխոսության և համագործակցության ամրապնդմանը, նոր նախաձեռնությունների իրականացմանը և բարեկամական կապերի խորացմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դուք ինձ տապալեցիք. Աղաջանյանի արձագանքը իր`«DJ» լինելու մասին հարցին»
Դուք ինձ տապալեցիք: Էդուարդ Աղաջանյանի արձագանքը իր`«DJ» լինելու մասին հարցին»:
Պուտինի հանդեպ համբերությունը սպառվել է. Թրամփ
ԱՄՆ նախագահի կարծիքով ՝ Ուկրաինայի կարգավորմանը դեռևս խոչընդոտում է հակամարտության կողմերի միջև շարունակվող "ատելություն...
«Տեսեք ձեր պահած բանակը». Դավիթ Գրիգորյան
Շրջակա միջավայրի նախարարության մամուլի նախկին խոսնակ Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԷԺԱՆԱԳԻՆ ՊՈՊՈՒԼԻԶՄԻ...
««Վագների» խռովությամբ Պուտինին հասցվեց հսկայական իմիջային հարված». Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. ««Վագների» խռովությամբ Ռուսաստանին և այդ երկրի առաջնորդին անձամբ հասցվեց հսկայական իմ...