
Շատ լավ մշակված նախընտրական քայլ է ծառայության ժամկետը 1,5 տարի դարձնելը․ Մանուկյան

Այս կառավարությունն անցնող տարիներին որեւէ գործնական քայլ չի իրականացրել մեր զինված ուժերը պրոֆեսիոնալ բանակի վերածելու հարցում։ Այս մասին, այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշել «Հայստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Բազմաթիվ առիթներով պաշտպանության նախարարի ներկայությամբ քննադատության ենք ենթարկել, որ մարտական հերթապահության մեջ ընդգրկվող մեր քաղաքացիների, և ֆիզիկական, և հոգեբանական , և առողջական պատրաստվածությունը լուրջ խնդրահարույց է։ Այս նախագծում նշվում է ատեստացիայի հիման վրա աշխատավարձների բարձրացման մասին, բայց ատեստացիան չի լուծում զինված ուժերը պրոֆեսիոնալ բանակ վերածելու հիմնախնդիրը և դրա համար կարևորագույն հարցը ամբողջ զինված ուժերի աշխատավարձային ֆոնդի բարձրացումն է, որը կարող է լինել միայն բազային աշխատավարձի փոփոխությամբ»,–ասել է նա։
Գեղամ Մանուկյանը շատ լավ մշակված նախընտրական քայլ անվանեց ծառայության ժամկետը 2 տարուց 1,5 տարի դարձնելու նախագիծը. «Նիկոլ Փաշինյանի այդ կեղծ թեզը, թե տեսեք, խաղաղություն է, փորձում են այս սոուսի մեջ տեղավորել։
Նման արմատական փոփոխության դեպքում պետք են լուրջ հիմնավորումներ, վերլուծություններ, ստատիստիկա, դեմոգրաֆիկական խնդիրներ։ Հապճեպությունը այս նախագծի այն է, որ երբ որ որեւէ օրենք մշակում են, ուսումնասիրում են, թե այս օրենքը ինչ կապ ունի մնացած օրենքների հետ և փոփոխությունների փաթեթով են բերում։ Անցած տարվա փետրվարին Հայկ Սարգսյանի հայտնի նախագիծն էր բանակից խուսափածների վերաբերյալ, որտեղ ուրիշ ժամկետ է նշվում, 24 ամիս չծառայելու համար՝ այսքան միլիոն դրամ, 18 ամիս ծառայելու համար՝ այսքան միլիոն դրամ։
Բացի այդ, այս նախագծում չկա, որ օրենքը տարածվում է զինված ուժերում այս թվականին զորակոչված այսօր ծառայող զինվորների վրա։ Ստացվում է, որ 2026 թվականի ամռանը զորակոչվելու է պայմանական Գեղամ Մանուկյանը, որը ծառայելու է մեկ տարի ու իր հետ ծառայող մեկ այլ զինվոր ծառայելու է երկու տարի։ Սա հոգեբանական պրոբլեմ է, չի կարող երկու տեսակի զինվոր լինել զինված ուժերում»,–ասել է Մանուկյանը։