ՊԵԿ նախագահը մանրամասնում է՝ ինչ է սպասվում հայտարագիր չլրացնելու դեպքում

Հայաստանում եկամուտների հայտարարագրեր է ներկայացրել շուրջ 92 հազար վարձու աշխատող։ Ազգային ժողովում այս մասին հայտնել է  պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։


Ինչպես նշել է Հակոբյանը, սա մինչև նոյեմբերի 1-ը հայտարարագիր ներկայացնողների ընդհանուր թվի ընդամենը 15 տոկոսն է: Պաշտոնյան ընդգծել է` նրանք, ովքեր չեն լրացնի, կտուգանվեն՝ ըստ օրենսդրության: Սկզբում կտրվի նախազգուշացում, ապա տուգանք, դրանից հետո տուգանքը երկու անգամ բարձրացվում է:


«Կոչ եմ անում քաղաքացիներին ժամանակին լրացնել հայտարարագրերը։ ՊԵԿ–ն իրականում այդ հայտարարագրերում ահռելի ինֆորմացիա արդեն իսկ լրացնում է: Այսինքն՝ մեր քաղաքացիների փոխարեն բավականին ինֆորմացիա, որը մեր տիրապետման տակ է, լրացնում ենք: Իրենց մնում է միայն անցնել այդ հայտարարագրով և լրացնել պարզապես բաց մասերը, այն եկամուտները, որոնց մասին պատկերացում չունենք»,– ասել է նա։


Հայտարարագիրը լրացնելու համար նոր նմուշի նույնականացման քարտ է պետք։ Հակոբյանի խոսքով` դրանց տրամադրման հետ կապված ուշացումներ են նկատվում, սակայն ավելի քան 600 հազար քաղաքացի արդեն ստացել է։


Հիշեցնենք` վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է 2024 թ. համար հայտարարագիր ներկայացնեին մինչև այս տարվա մայիսի 1-ը։ Ավելի ուշ հայտարարագիր լրացնելու ժամկետը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 1-ը։


Եթե հայտարարագիր ներկայացնող անձը կատարել է սոցիալական ծախս, ապա ունի փոխհատուցման իրավունք, որի առավելագույն չափը տարեկան 100 հազար դրամ է։

Քաղաքականություն

Պատահարներ