Պատվիրված նյութերով չեն խուսափի պատասխանատվությունից. Հարությունյան

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը սոցցանցի էջում գրել է.


«Որևէ մեկը չի կարող հույս ունենալ, որ պատվիրված և արատավորող նյութերով կարող է խուսափել պատասխանատվությունից։


2025թ. հունիսի 20-ին «Հետքի» լրագրող Գրիշա Բալասանյանի կողմից հրապարակվել է մի հոդված հետևյալ վերնագրով.


«Կասկածելի ընթացակարգերով ավտոբուսների գնումներ․ ի՞նչ կապ ունի տրանսպորտի վարչության պետը «Zhongtong»-ի հետ»։ Նշված հոդվածով լրագրողը փորձում էր պնդել իմ ենթադրյալ կապը Zhongtong Bus Holding CO. LTD ընկերության հետ և հետագա հնարավոր աջակցությունը նշված ընկերությանը։ Լրագրող Գրիշա Բալասանյանի կողմից սա ինձ վերաբերող առաջին նմանատիպ հոդվածը չէ, և հատկանշական է, որ նմանատիպ հոդվածներ հրապարակվում է ամեն անգամ, երբ կանխվում է որոշ անձանց կողմից, Երևանի բյուջեից դրամական միջոցներ փոշիացնելու անհագ ցանկությունը։ Առավել մանրամասն ստորև.


Եվ այսպես Երևանի քաղաքապետարանը Zhongtong-ից ընդհանուր առմամբ ձեռք է բերել 562 ավտոբուս և 15 տրոլեյբուս, որից․

2021 թվական – 211 հատ, 1 հատը՝ 44,720,000 դրամ, 2022 թվական – 150 հատ, 1 հատը՝ 44,249,499 դրամ, 2023 թվական – 30 հատ, 1 հատը՝ 0 դրամ,2024 թվական – 171 հատ, 1 հատը՝ 36,842,105 դրամ:


Նախ ներկայացվածից ակնհայտ է, որ Երևանի քաղաքապետարանը սկսել է ձեռք բերել ավտոբուսներ Zhongtong-ից այն ժամանակ, երբ ես դեռ չէի աշխատում տրանսպորտի վարչությունում, Երևանի քաղաքապետը՝ Հայկ Մարությանն էր, իսկ ոլորտը համակարգող տեղակալը՝ Հրաչյա Սարգսյանը։ Այսինքն՝ Zhongtong-ի հետ համագործակցության սկզբնական տարիներին ի պաշտոնե որևէ գործառույթ չեմ ունեցել։


Վերը նշված պաշտոնատար անձանց փոփոխությունից հետո 2023 թվականի մայիսին նշանակվել եմ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ՝ այդ պահից ստանձնելով նաև ավտոբուսների ձեռքբերման գործընթացի պատասխանատվությունը։ Ընդ որում, իմ նշանակման պահին Zhongtong -ն արդեն իսկ երկրորդ պատվերի շրջանակներում ներկրել էր թվով 150 ավտոբուսները, սակայն հանձնման-ընդունման գործընթացը չէր ավարտվել։ Ուսումնասիրելով մինչ ինձ կնքված պայմանագրային ու միջազգային գներն հանդիպել և բանակցել եմ Zhongtong ընկերության ներկայացուցիչների հետ, ինչի արդյունքներով ընկերությունը պայմանագրային գնի շրջանակներում Երևան քաղաքին մատակարարել է հավելյալ 30 հատ ավտոբուս՝ գործող պայմանագրում մեկ միավոր ավտոբուսի գինը նվազեցնելով 7,374,916 ՀՀ դրամով։ Այսինքն իմ խորհրդավոր «համագործակցության» շրջանակներում Երևան համայնքը անվճար ստացավ 30 ավտոբուս՝ նվազեցնելով մինչ ինձ կնքված պայմանագրով ավտոբուսի ձեռքբերման գինը։ Ավելին, իմ պաշտոնավարման ժամանակահատվածի հաջորդ ձեռքբերումը Zhongtong-ից կատարվել է էլ ավելի ցածր գնով և փոքր ինչ անաչառ լինելու դեպքում կարելի է եզրակացնել, թե իմ «համագործակցությունը» ում շահերն է սպասարկել և ում շահերին վնասել։


Ի դեպ չկենտրոնանալով Zhongtong ընկերության վրա, սակայն խիստ պատահականությամբ մինչ իմ նշանակումը Երևանի քաղաքապետարանը Yutong Bus Cօ. Ltd ընկերությունից ձեռք է բերել տրոլեյբուսներ՝ 1 հատը 138,560,000 դրամով, սակայն իմ պաշտոնավարման ժամանակահատվածում նույն ընկերությունից նույն տրոլեյբուսները ձեռք են բերվել 1 հատը 96,140,000 դրամով, ինչը ևս վրիպել է լրագրողի ուշադրությունից։ Վստահաբար սա այն դեպքն է, երբ հրապարակված թվերը ինքնին խոսում են թե՛ շահերի և թե՛ լրագրողի հետաքննության անաչառության մասին։


Վերը նշվածը հակիրճ այն մասին էր, թե ինչ է իրենից ներկայացրել ի պաշտոնե իմ համագործակցությունը Zhongtong ընկերության հետ և ինչ արդյունքներ է ապահովել Երևան համայնքի համար։


Հակառակ «Հետքի» հետաքննական համբավի հոդվածը պարունակել է ձևի առումով տպավորիչ, սակայն բովանդակային առումով հիմնազուրկ ենթադրություն։ Գրիշա Բալասանյանը իբրև բացահայտում հոդվածում նշել է, թե ես մինչ 2023 թվականը հանդիսանալով 2020թ. հիմնադրված «Արմչի» ՍՊԸ տնօրենը՝ ավտոբուսների սպասարկման պայմանագիր եմ ստորագրել Zhongtong ընկերության հետ 2021թ. մարտի 26-ին և ըստ այդմ համագործակցել այդ ընկերության հետ։


Նախ ակնհայտ է, որ նշված ժամանակահատվածում՝ 2020-2023թթ․ չունեի որևէ իրավական կամ գործառութային սահմանափակում կամ առավել ևս շահերի բախում՝ նման համագործակցություն ունենալու համար։ Անկողմնակալ հետաքննություն իրականացնող լրագրողի համար իմ հերքումը պետք է ազդակ լիներ ավելի ուշադիր վերլուծել հավաքագրված տեղեկությունները։ Մասնավորապես, առանց «ձեռքի տակ հայտնված» լուսապատճենի, «Հետքի» լրագրողը վստահաբար կարող էր նաև տեղեկանալ, որ «Արմչի» ընկերությունը հիմնադրման հաջորդ օրվանից մինչև 2023 թվականը դադարեցրել է գործունեությունը և որևէ դրամի շրջանառություն չի ունեցել։ Ըստ այդմ, հրապարակված լուսապատճենի հիման վրա պնդումը, թե «Արմչի» ՍՊԸ-ն համագործակցել է Zhongtong ընկերության հետ հիմնազուրկ են և պարզորեն հերքվող նշածս հանգամանքը հաշվի առնելով։


Ավելին, «Արմչի» ընկերությունը նույնիսկ 2023 թվականից հետո համագործակցություն ունեցել է միայն «Ֆորա» ընկերության հետ և որևէ այլ կազմակերպության հետ որևէ համագործակցություն չի ունեցել։ Այսինքն բացի այն, որ «Արմչի» ընկերությունը որևէ համագործակցություն չի ունեցել Zhongtong ընկերության հետ, նաև երբևէ չի իրականացրել ավոտբուսների սպասարկումը։ Լրագողը հեշտությամբ կարող էր սա պարզել, այդ թվում՝ ճշտելով թե որտեղ են սպասարկվել ձեռքբերման օրվանից նշված ավտոբուսները։ Չեմ բացառում անգամ, որ այս տեղեկությունները հոդված գրելիս ի սկզբանե հայտնի են եղել լրագրողին, սակայն չեն նշվել հոդվածում։ Ընթերցողը կարող է պատկերացնել, որ եթե գործեր նման պայմանագիր, ապա դրա արժեքը ինչպիսի ջանասիրությամբ կներկայացվեր լրագրողի կողմից։


Հաճախ համայնքային շահերի պաշտպանությունը հակադրվում է որոշ մասնավոր սուբյեկտների շահերին և վերջիններս դիմում են տարրատեսակ միջոցների։ Տարակուսելի զուգադիպությամբ, երբ յուրաքանչյուր անգամ ես ի պաշտոնե միջոցներ եմ ձեռնարկում թե՛ ավտոբուսների սպասարկման և թե՛ ճանապարհային նշանների հետ կապված համայնքային բյուջեի փոշիացումը կանխելու ուղղությամբ, Գրիշա Բալասանյանի կողմից հրապարակվում է հիմնազուրկ պնդումներով մի հոդված։


Դժվար է պատկերացնել, որ անաչառ հետաքննության ընթացքում Գրիշա Բալասանյանը չէր պարզել, որ ավտոբուսների սպասարկումը տևական ժամանակ իրականացվում է «Իվի Մոթորս» ՍՊԸ-ի կողմից։ Թերևս հետաքրքիր լրագրողական հետաքննության առարկա կլիներ պարզելը, արդյո՞ք լրագրողը չի հիշատակել «Իվի Մոթորս» ՍՊԸ-ի մասին՝ փոխկապակցված լինելով վերջինիս հետ, թե՞ պարզապես թերի ուսումնասիրություն է իրականացրել։ Եթե «Հետք» լրատվականը հետաքրքրված է ավտոբուսների սպասարկման արդյունավետությամբ, ապա կարող եմ բազմաթիվ տեղեկություններ տրամադրել «Իվի Մոթորս» ՍՊԸ-ի գործունեության վերաբերյալ, թեպետ փոխարենը կնախընտրեի աշխատանքային կարգով զբաղվել այս խնդիրների լուծմամբ։


Եվ առհասարակ հետաքննող լրագրող պետք չէ լինել պարզելու, թե որտե՞ղ են սպասարկվել ու սպասարկվում քաղաքում ամեն օր շրջող ավտոբուսները։ Այս համատեքստում անգամ ավելորդ է անդրադառնալ հոդվածի այն հատվածներին, որոնք վերաբերում են մրցույթի տեխնիկական բնութագրերին։ Կողմնակալ և այլ հանգամանքներով մոտիվացված չլինելու պարագայում կարելի է ընթերցել գնումների պաշտոնական տեղեկագրում հրապարակված տեղեկատվությունը, այդ թվում՝ տեխնիկական բնութագրերը։


Հ․Գ․ Առհասարակ որևէ մեկը չի կարող հույս ունենալ, որ պատվիրված և արատավորող նյութերով կարող է խուսափել պատասխանատվությունից, բայց և կարծում եմ կգտնվեն լրագրողներ, ովքեր կվերհանեն անպարկեշտ տնտեսվարողների և նրանց իրական շահառուների արատավոր կապերը»։