Պապոյանն անձամբ կգնա Վրաստան` տեղում քննարկելու այդ խնդիրները

Առաջիկայում չի բացառվում, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անձամբ գնա Վրաստան` տեղում քննարկելու կոնյակի սպիրտի արտահանման հետ կապված խնդիրները։ Այդ մասին նա այսօր հայտարարեց Ազգային ժողովի նիստի ժամանակ։


«Խնդիրն իսկապես կա, ու ես կարծում եմ, որ մեր տնտեսվարողները ճիշտ են»,– ընդգծեց Պապոյանը` անդրադառնալով այսօր Երևանում Վրաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա իրականացրած Հայաստանում ալկոհոլ արտադրողների ու արտահանողների խնդրին։


Պապոյանը պատահական չհամարեց այն, որ տնտեսվարողները բողոքի ակցիա են անցկացրել հենց Վրաստանի դեսպանատան մոտ, քանի որ իրենք էլ են հասկանում, որ խնդիրը ՀՀ կառավարության իրավասության մեջ չէ։


«Այս հարցով մենք տարբեր սցենարներ, իրավիճակներ ենք քննարկում Վրաստանի մեր գործընկերների հետ։ Իհարկե, գործարար համայնքը ևս իր կապերով, եղանակներով նմանատիպ քննարկումների մեջ է։ Այդ իսկ պատճառով առաջիկայում հնարավոր է, չի բացառվում, որ ես այցելեմ Վրաստան` տեղում ևս մեկ անգամ քննարկենք այս հարցերը»,– տեղեկացրեց նախարարը։


Նա ընդգծեց, որ ի տարբերություն մյուս ապրանքների, որոնց հարցերը նախարարությունը կարողացել է լուծել` տեքստիլի, ալյումինի, ծաղիկի արտահանումը, կոնյակի սպիրտի հարցը շարունակում է չկարգավորված մնալ։


Նշենք, որ այսօրվա ակցիայի մասնակիցները դժգոհում էին, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան բեռնատարների անցման համար ՝ պնդելով, որ լաբորատոր ստուգումներ պետք է իրականացվեն հենց Վրաստանում։ Արդյունքում բեռնափոխադրողները ստիպված են մի քանի շաբաթ կանգնել հայ-վրացական սահմանի անցակետի մոտ։