
Հայտնի է` երբ կշահագործվի Ամուլսարը

Եթե այս տարի արդեն սկսվի Ամուլսարի գործարկումը, դա կարող է որոշակիորեն, մեր գնահատմամբ, 0.5 տոկոսի շրջանակներում ազդեցություն ունենալ ՀՆԱ-ի աճի վրա: Այս մասին, այսօր, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Նա հայտնեց, որ տարեվերջին պլանավորվում է Ամուլսարի գործարկումը, ազդեցությունն ավելի շատ սահմանային է լինելու։
Վահե Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանի տնտեսական աճը վերադառնում է իր պոտենցիալ աճին, որն, իրենց կարծիքով, կազմում է 5-5.5 տոկոս։
Հիշեցնենք՝ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր տարեկան զեկույցի «Առողջ շրջակա միջավայրի իրավունք» բաժնում ահազանգել էր հայաստանցի բնապահպանների նկատմամբ հանքարդյունաբերական ոլորտի ընկերությունների կողմից իրականացվող արշավների մասին։ Մասնավորապես նշված էր. «Ամուլսարի ոսկու հանքին հունվարին թույլատրվել է վերսկսել գործունեությունը՝ առանց լիարժեք լուծելու ջրի և հողի աղտոտման հետ կապված բնապահպանական խնդիրները, որոնք նախորդ տարիներին բողոքի ցույցերի պատճառ էին դարձել։ Բնապահպանները բախվել են դատական հայցերի, որոնք նպատակ ունեին լռեցնել նրանց, ինչպես նաև դարձել են լրատվամիջոցների զրպարտչական արշավների թիրախ։ Այդ արշավներում ներառվել են մեղադրանքներ, թե նրանց ակտիվիզմը սպառնում է ազգային անվտանգությանը։ Այս գրոհներն իրականացվել են 2023 թվականի դեկտեմբերին Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ազդեցությունների վերաբերյալ նրանց համատեղ հայտարարությունից հետո»։