Շահումով խաղերի ոլորտի պետական տուրքն ապրիլից կկրկնապատկվի
Հայաստանի ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով նախատեսվում է բարձրացնել շահումով խաղերի ոլորտի պետական տուրքը: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց՝ ստանալով 58 կողմ, 2 դեմ, 17 ձեռնպահ ձայներ: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում փոփոխություններ են կատարվել:
Նախագծի սկզբնական տարբերակում պատգամավորն առաջարկում էր շահումով խաղերի և բուքմեյքերական գործունեության համար սահմանել 10 տոկոս շրջանառության հարկ։ Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկումների ընթացքում կառավարությունն առաջարկել է խաղային ոլորտի համար բեռի բարձրացումը կատարել պետական տուրքի դրույքաչափերի շարունակական բարձրացման տրամաբանությամբ:
«Առաջարկվող օրենսդրական փոփոխություններով 2 անգամ կավելանան օնլայն կազինոների և բուքմեյքերական գործունեության տուրքերը: Կունենանք տարեկան շուրջ 13 մլրդ դրամ հավելյալ պետական եկամուտներ»,–ասաց Հայկ Սարգսյանը:
Նա ընդգծեց՝ հավելյալ պետական եկամուտները դառնալու են դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, ճանապարհներ ու այլ ենթակառուցվածքներ, ներքին և արտաքին անվտանգային համակարգեր:
«Ֆինանսական բեռի բարձրացումը մենք ձևակերպել ենք այնպես, որ այն ամեն տարի բարձրանա և այս գործիքի միջոցով մենք կարողանանք լուծել օպերատորի հարցը: Օպերատորի միջոցով մենք սահմանափակելու ենք մեր հայրենակիցների՝ կազինո խաղալու հնարավորությունները, որոշ սոցիալական խմբերի և պետական ծառայողների դեպքում ընդհանրապես արգելելու ենք այն»,–ասաց պատգամավորը՝ հորդորելով քաղաքացիներին դուրս գալ օնլայն կազինոներից:
Ըստ նրա՝ խաղամոլությունը կախվածություն ու հիվանդություն է՝ թմրամոլության նման, որը հնարավոր է բուժել: Պատգամավորը նկատեց՝ շատերն ասում են, որ այլևս չեն խաղա, եթե վերադարձնեն իրենց պարտված գումարները:
«Սա ամենակործանարար միտքն է, որ կարող է լինել: Մոռացեք պարտված գումարները հետ բերելու մասին, դուք այն երբեք չեք կարող հետ բերել: Դրանց հետևից գնալով՝ էլ ավելի շատ եք պարտվելու և էլ ավելի շատ պարտքեր եք կուտակելու և կործանվելու եք վերջնականապես»,-ասաց Սարգսյանը:
Պատգամավորը խոստացավ հետագայում ևս անել օրենսդրական փոփոխություններ՝ սահմանափակելու այդ արատավոր երևույթը: Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հիշեցրեց. «Պետական տուրքը նախատեսված է խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու քվոտավորման տրամաբանությամբ: Կառավարության առաջարկն այն է, որ ապրիլի 1-ից 2 անգամ բարձրացվի պետական տուրքը, այնուհետև յուրաքանչյուր տարվա սկզբից աճը լինի շարունակական՝ այս պահին գործող պետական տուրքի չափով, մինչև այն պահը, երբ կստեղծվի խաղային ոլորտի մոնիթորինգային կենտրոնը և կներդրվի օպերատորի ինստիտուտը»:
Կառավարությունը, ըստ փոխնախարարի, չափազանց կարևորում է օպերատորի համակարգի ներդրումը:Շահումով խաղերի ոլորտում վերահսկող օպերատորի համակարգի ներդրման մասին մարտի 5-ին խոսել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ համակարգը թույլ կտա պետությանը վերահսկել խաղադրույքները, շահումները և դրանց հարկումը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` երբ կսկսվի 25-օրյա վարժական հավաքները
2025 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 13-ը ներառյալ կանցկացվի 25-օրյա վարժական հավաքներ։ Նախագիծը ներառված է Կառավարութ...
Փոփոխություն երկքաղաքացիների վարորդական վկայականների տրամադրման հետ կապված
Կառավարության հերթական նիստի ընթացքում ՀՀ ներքին գործերի նախարարության առաջարկով ընդունվեց որոշում, որով Հայաստանի Հանրա...
Առանց այլ պետության վարորդական վկայականը հանձնելու. նոր պարզեցված ընթացակարգ
Մարտի 6-ին Կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 385-Ն որոշման մե...
Որ իրավախախտումների դեպքերով կհանվեն տուգանային միավորներ
ԱԺ-ում քննարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջ...