
Վարդան Ղուկասյանի փաստաբանը` նրա գտնվելու վայրի մասին

ԴՕԿ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում պնդել է՝ իր պաշտպանյալը կալանավորված չէ, ձերբակալված չէ, բայց ազատության հետ կապված միգուցե մասնակի սահմանափակում կա:
«Վերջինս կալանավորված չէ, ձերբակալությունը տարբեր ֆորմատով կարելի է հասկանալ: Անձին չեն ձերբակալել, ընդամենը կապված իրավական գործառույթներով այնտեղի պետական լիազոր մարմինների հետ հետ կատարվում է քննություն», - ասել է Բաղդասարյանը:
Իսկ կոնկրետ որտե՞ղ է գտնվում Վարդան Ղուկասյանը՝ իր տա՞նը, թե՞ ամերիկյան որևէ հաստատությունում: ԱՄՆ Միգրացիոն և մաքսային ծառայության կայքը տեղեկացնում է, որ Հայաստանում ծնված Վարդան Յուրիկի Ղուկասյանը գտնվում է Նևադա նահանգի Հենդերսոնի ձերբակալվածների ժամանակավոր պահման վայրում:
Փաստաբան Լևոն Բաղդասարյանը վստահեցնում է՝ տեղյակ չէ Ղուկասյանի գտնվելու վայրի մասին:
Ըստ փաստաբանի՝ սկսվել է իրավական գործառույթ, և Վարդան Ղուկասյանը ևս մասնակից է այդ իրավական գործառույթին: Դրանով զբաղվում են նրա ամերիկացի փաստաբանները: Հենց նրանք էլ, ըստ Բաղդասարյանի, իրազեկել են իրեն իրավական այդ գործընթացի մասին, որը սկսվել է շուրջ մեկ շաբաթ առաջ:
«Այո, կարող ենք ասել, այդ թվում միգրացիոն հարց է, որքան գիտեմ, նա ԱՄՆ-ում ունի համապատասխան կարգավիճակ, այդ թվում նաև բնակվելու... մնացածը շատ մոտ օրերի ընթացքում դրա գնահատականը կտան և՛ այնտեղի պետական լիազոր մարմինները, և, ինչու չէ, նաև Վարդան Ղուկասյանը»,- պատասխանել է Բաղդասարյանը այն հարցին, թե արդյոք այդ իրավական գործառույթը կապված է միգրացիոն խնդրի հետ: