
Նոր էջ ենք բացել մեր պատմության մեջ. Սիմոնյան

Մենք նոր էջ ենք բացել մեր պատմության մեջ: Այս մասին այսօր ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի բացմանը իր խոսքում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղիով զարգանալու ճանապարհը, քանի որ կանգնած է Եվրոպական քաղաքակրթության արժեհամակարգի ակունքներում և հաստատակամ շարունակում է ամրապնդել ժողովրդավարությունը և իր ուժերով, իր երկիրը պաշտպանելու ու հզորացնելու քաղաքականությունը։
Մենք գիտակցում ենք, որ սա շատ դժվար և վտանգներով լի ճանապարհ է։ Աշխարհում տիրող իրավիճակը արագ փոփոխվող իրականությունը մեզ ստիպում են լինել լայնախոհ և կայացնել ճիշտ որոշումներ, որքան էլ որ դրանք դժվար կլինեն։
Գտնվելով քաղաքակրթությունների խաչմերուկում, մենք մեծապես կարևորում ենք հարևան պետությունների հետ բնականոն հարաբերությունները և ձգտում ենք տարածաշրջանում բաց սահմաններով ու գործընկերության վրա հիմնված հարաբերություններ հաստատելու»,- ասել է ԱԺ նախագահը։
Սիմոնյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը հանդես է եկել խաղաղության խաչմերուկ նախագծով, որը վերաբերում է մեր տարածաշրջանի փոխադրումներն ու հաղորդակցության ուղիներն ավելի արդյունավետ դարձնելուն՝ հիմնված երկրների ինքնիշխանության, իրավահավասարության, տարածքային ամբողջականության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։
«Մենք փորձում ենք վարել բալանսավորված քաղաքականություն տարածաշրջանի երկրների և ուժային կենտրոնների հետ, որի հիմքում անվտանգության, տնտեսության, էներգետիկ և այլ ոլորտների դեֆերենսիֆիկացիան է։
Մենք ամենատարբեր ոլորտներում ընդլայնում ենք համագործակցությունը նաև ԵՄ անդամ երկրների հետ։ Կուզենայի իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել ԵՄ կողմից տրամադրվող նշանակալի ֆինանսական աջակցության համար, որն ուղղված է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին և մի շարք ուղենշային նախաձեռնություններին»,- հավելել է նա։
Ալեն Սիմոնյանը նաև նշեց, որ այս ամենը տեղի է ունենում Հայաստան-Եվրամիություն սերտացող և նոր օրակարգ սահմանող համագործակցության շրջանակներում։ Դրա վառ ապացույցը վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի ունեցած մի շարք կարևոր իրադարձություններն են։
«Մեկնարկեց վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, Հայաստանը ընդգրկվեց խաղաղության Եվրոպական գործիք ծրագրում, ԵՄ-ն երկարաձգեց Հայաստանի սահմաններին իր քաղաքացիական առաքելության ներկայության ժամկետը ևս երկու տարով, ինչն ակնհայտորեն և էապես կրճատեց սահմանին տեղի ունեցող միջադեպերի թիվը և կանխեց հնարավոր էսկալացիայի ռիսկը։
Եվ վերջապես օրեր առաջ, փետրվարի 13-ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը, որը եվրոպական հանրության մաս դառնալու ձգտող մեր քաղաքացիների վճռականության իրական դրսևորումն է։ Հարգելի գործընկերներ, ևս մեկ անգամ ողջունում եմ ձեզ Երևանում և մաղթում արդյունավետ աշխատանք»,- եզրափակել է Սիմոնյանը: