Առուշանյանն` իրեն պաշտոնից հեռացնելու մասին
Առուշ Առուշանյանը շարունակում է պաշտոնավարել որպես Գորիս համայնքի ղեկավար։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է քաղաքապետը։ Օրեր առաջ ուժի մեջ է մտել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2022թ․-ի որոշումը։ Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Նորայր Շողիկյանն ասաց, որ ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայությունը Առուշանյանին հրավիրել է գրասենյակ, վերցրել հաշվառման, ներկայացրել 3 դատական ակտ։ «Մեկով Առուշանյանը տուգանվել է 700 հազար ՀՀ դրամով, մյուսով պետք է անցնի մեկ տարի եւ վեց ամիս փորձաշրջան, երրորդով՝ հինգ տարի չի կարող զբաղեցնել պետական պաշտոններ»,-ասել է Շողիկյանը։
Գորիսի ավագանին երկուշաբթի օրը նիստ է արել, քննարկել Պրոբացիայի ծառայության գրությունը, արձանագրել է, որ դատական ակտով նշանակված այս կոնկրետ պատժատեսակը որպես հիմք նախատեսված չէ ՏԻՄ օրենքով ընտրված քաղաքապետին պաշտոնանկ անելու համար։ Այս մասին լրատվականի հետ զրույցում ասել է Առուշ Առուշանյանի փաստաբան Դավիթ Կարապետյանը։
«Առուշ Առուշանյանը շարունակում է պաշտոնավարել, ավագանին արձանագրել է դատարանի վճռով նշանակված կոնկրետ պատժատեսակով պաշտոնի դադարեցման անհնարինությունը»,-ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դեռեւս 2022 թվականի մարտի վերջին կայացրել է դատավճիռ, որով ի թիվս մի քանի այլ պատժատեսակի նաեւ ՏԻՄ մարմիններում Առուշ Առուշանյանին 5 տարի ժամկետով պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելն էր։ Առուշանյանը նաեւ արդարացվել էր մի շարք հոդվածներով։
Փաստաբանի խոսքով՝ այդ պատժատեսակը նշանակվել էր նախկին քրեական օրենսգրքի 308 հոդվածի առաջին մասով։ «Այդ դատական ակտը մենք բողոքարկել էինք վերաքննիչ դատարան՝ ամբողջությամբ արդարացնելու պահանջով, իսկ դատախազությունը բողոքարկել էր՝ արդարացված հոդվածները բեկանելու եւ մեղադրական դատական ակտ կայացնելու պահանջով։
Վերաքննիչ դատարանը մերժել էր երկու բողոքներն էլ, հետո երկու կողմն էլ դիմել են վճռաբեկ դատարան նույն պահանջով, երկուսի բողոքն էլ վարույթ չի ընդունվել։ Ուստի 2022թ․ մարտի 28-ի դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։ Քանի որ պատժատեսակներից մեկը՝ ՏԻՄ մարմիններում 5 տարի ժամկետով պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելուն է վերաբերում, պրոբացիայի ծառայությունը կատարողական գործողություններ է սկսել, դիմել է ավագանուն, որպեսզի դատական ակտը կատարեն եւ Առուշ Առուշանյանի պաշտոնավարումը դադարեցնեն։ Ավագանին որոշումը չի կայացրել, որովհետեւ ՏԻՄ մարմինների մասին օրենքը ընտրովի համայնքի ղեկավարին պաշտոնազրկելու սպառիչ հիմքեր է նախատեսում։ Ավագանին երկուշաբթի օրը կայացրած նիստում, քննարկելով պրոբացիայի ծառայության գրությունը, արձանագրել է, որ դատական ակտով նշանակված այս կոնկրետ պատժատեսակը որպես հիմք նախատեսված չէ ՏԻՄ օրենքով ընտրված քաղաքապետին պաշտոնանկ անելու համար»,-մանրամասնել է պաշտպանը։
Նա նաեւ նշել է, որ Առուշ Առուշանյանը վիճարկել է պրոբացիայի ծառայության գործողությունները՝ բողոք է ներկայացվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, այն փաստարկով, որ պրոբացիայի ծառայությունը նման հարցով իրավասու չէ դիմել համայնքի ավագանուն։