Իրանը որևէ մեկից թույլտվություն չի խնդրի սեփական ինքնիշխանությունը պաշտպանելու համար. Քանանի
Իրանը որևէ մեկից թույլտվություն չի խնդրի սեփական ինքնիշխանությունը պաշտպանելու իր իրավունքը իրացնելու համար։ Այս հայտարարություն արել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
Օգոստոսի 12-ին Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում կոչ են արել Իրանին և նրա դաշնակիցներին զերծ մնալ հարձակումներից, որոնք կարող են է՛լ ավելի մեծացնել տարածաշրջանային լարվածությունը և վտանգել զինադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ համաձայնության գալու հնարավորությունը:
«Իսլամական հանրապետությունը վճռական է տրամադրված ինքնիշխանության և ազգային անվտանգության ապահովման, տարածաշրջանային կայունության խթանման և տարածաշրջանում ահաբեկչության և անկայունության իրական աղբյուրի նկատմամբ զսպման հարցում և որևէ մեկից թույլտվություն չի խնդրի իր իրավունքների իրացման համար», - ասել է Քանանին:
Նա հավելել է` եվրոպական եռյակն իր հայտարարությամբ, որն անգամ մի կաթիլ առարկություն չի պարունակում սիոնիստական ռեժիմի միջազգային հանցագործությունների մասին, լկտիաբար պահանջում է Իրանից պատասխան միջոցներ չձեռնարկել իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խախտող ռեժիմի դեմ:
«Եթե այդ երկրներն իսկապես ձգտում են տարածաշրջանում խաղաղության և կայունության, նրանք պետք է առանց որևէ վերապահման հանդես գան իսրայելական ռեժիմի սադրանքների և հակամարտության հրահրման դեմ, անհապաղ ավարտեն Գազայի հատվածի դեմ պատերազմը և վերջ դնեն Պաղեստինի կանանց, երեխաների և անպաշտպան բնակիչների սարսափելի սպանություններին», - հայտարարել Է իրանցի դիվանագետը:
Հիշեցնենք` հուլիսի վերջին Թեհրանում սպանվեց պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան։ Նա Իրանի մայրաքաղաք էր մեկնել՝ մասնակցելու երկրի նոր նախագահի երդմնակալությանը: Շարժումը Հանիայի մահվան պատասխանատվությունը դրեց Իսրայելի և ԱՄՆ-ի վրա և հայտարարեց, որ այդ հարձակումն անպատասխան չի մնա: Իսրայելի ներկայացուցիչները հայտարարեցին, որ չեն մեկնաբանում Հանիայի սպանությունը: ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Վուդը հայտարարեց, որ ԱՄՆ-ն առնչություն չունի ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի մահվան հետ։
Հուլիսի 31-ի երեկոյան ամերիկյան «New York Times» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, պնդեց, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հրամայել է ուղիղ հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Հանիայի սպանության: Ավելի ուշ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրվանին կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ Թեհրանը, հետևելով միջազգային իրավունքին, իրեն իրավունք է վերապահում՝ արձագանքելու Հանիայի սպանությանը այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ համարի:
Նմանատիպ հոդվածներ
ԱԺ նախագահը դադարեցրել է Գուրգեն Արսենյանի պատգամավորական լիազորությունները
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձանագրություն է ստորագրել Գուրգեն Արսենյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մ...
Գուրգեն Արսենյանը նշանակվեց ՌԴ-ում Հայաստանի դեսպան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը նշանակվեց ՌԴ-ում ՀՀ դեսպան։ Տեղեկությու...
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 16-ին՝ ժամը 03։20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել...
Դավիթ Տոնոյանն ազատ կարձակվի գրավի դիմաց
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխվել է, նա ազատ կարձակվի 15 մլն դրամ գրավի դիմաց։ Այս մ...