Մեր ամբողջ շարժումը, պայքարը արժեքների մասին է. Բագրատ Սրբազան
Մեր ամբողջ շարժումը, պայքարը արժեքների մասին է: Այս մասին Սյունիքի մարզում` Տաթեւի վանքի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է «Տավուշը հանուն հայրենիք»-ի շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Այսօր ամենամեծ աղետը, որ տեղի է ունենում վախն է եւ սուտը: Սուտն էլ ծնվում է վախի պատճառով, մարդ որ վախենում է, ամեն ինչի մասին սուտ է խոսում: Հետեւաբար պետք է վախը վերացնել: Այս օրերին տարբեր միջոցներով փորձում են հետ պահել մարդկանց շարժումից, բայց այն, ինչ մենք տեսնում ենք, տրամադրությունը փոփոխության անհրաժեշտության մասին է: Մարդիկ պատշգամբներից են ողջունում, փողոցներում առանձին են մոտենում, մեծը, փոքրը տարբեր, առանց պարտադրանքի, առանց կաշառքի, շատ բնականից է տեղի ունենում այս ամենը: Ինձ համար կարեւոր էր նաեւ արձանագրելը, թե մեր ժողովրդի մտքերը ինչպես են` արդյոք համակերպվել են ստի մեջ ապրելու, թե` ոչ, արդյոք ուզում են վախի մթնոլորտում մնան, թե` ոչ: Եւ, այո, այս շարժման ավարտը ճշմարտության մասին է, այն ավարտվելու է ճշմարտության հաղթանակով»,- ասաց նա:
Բագրատ Սրբազանը հայտնեց, որ հաջորդ կանգառը Գորիսում է լինելու: