Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար, ինձ համար այդ դուռը փակ է. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը վերջերս իտալական «Ինտերի» կազմում հռչակվեց Իտալիայի չեմպիոն, բացառիկ հարցազրույց է տվել Առաջին Ալիքի 3:1 հաղորդմանը, որի ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի, այդ թվում՝ անվանի ֆուտբոլիստների՝ Սաուդյան Արաբիայի առաջնություն տեղափոխվելուն և իր կողմից երբևէ սաուդյան ակումբներից մեկի առաջարկը ընդունելուն:


«Ուժեղ ֆուտբոլիստների հրավիրելով՝ նրանք փորձում են զարգացնել իրենց ֆուտբոլն ու ուժեղացնել առաջնությունը: Բայց ինքս բացասական եմ նայում դրան, քանի որ ֆուտբոլում փողը չէ կարևորը: Կարևոր է սերը ֆուտբոլի հանդեպ:


Առաջին անգամ գնդակին դիպչելիս միշտ այդ սերն է ինձ մոտ եղել: Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար: Ինձ համար այդ դուռը փակ է: Չեմ քննարկում այդ տարբերակը և չեմ էլ ցանկանում, քանի որ եվրոպական ֆուտբոլի մակարդակը, երկրպագուների տաքությունն ու վերաբերմունքը լրիվ այլ է»,- ասել է Հայաստանի հավաքականի նախկին ավագը:


Հենրիխ Մխիթարյանը անդադարձել է իր՝ Իտալիայի չեմպիոն հռչակմանը:


«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում այն նվաճել։ Չեմ կանգնելու այս արդյունքի վրա։


Այս տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը, փորձում եմ ճիշտ հանգստանալ, լավ մարզվել, փորձում եմ առավելագույնս անել։


Մանկությունից առաջին նպատակս եղել է խաղալ «Արսենալում»։ Պրոֆեսիոնալ դառնալով նպատակս իրագործեցի։


Դեռ երկու տարվա պայմանագիր ունեմ Ինտերում, մինչև 2026 թվականը ունեմ գործող պայմանագիր։ Տեսնեմ, թե մինչև այդ ժամանակ կկարողանամ խաղալ, հետո կմտածենք՝ Ինտերում, թե այլ տեղ շարունակել։


Հայաստանի առաջնությանը քիչ եմ հետևում, ցավոք սրտի, բայց նայում եմ որքան հնարավոր է։ Միշտ երկրպագում եմ Փյունիկին, իմ կարիերան այնտեղից է սկսվել, գիտեմ, որ հիմա դժվար ժամանակներ են ապրում:


Որդիս ֆուտբոլիստ կդառնա, թե ոչ, ինքը կորոշի, ես նրա չեմ ստիպում ֆուտբոլ խաղալ։ Երբ առաջին անգամ դիպել է գնդակին, ինքն է ուզել։ Ես կարող եմ ուղղություն ցույց տալ կյանքում, բայց ինքը պետք է որոշի»,- նշել է Մխիթարյանը։