Ակնայի ճանպարհը Բերձորի միջանցքի հետ փոխարինելը կլինի Արցախի վերջը․ Բաբայան

Իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է, իհարկե, տեսնում ենք, որ հատկապես տեղեկատվական դաշտում կան փորձեր, որպեսզի ինչ-որ կերպ շահարկեն՝ այնպես ցույց տան, որ Արցախում սկսվել է քաղաքացիական պատերազմ, բայց էդպիսի բաներ չկան դեռ։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով վերջին օրերին Արցախում ստեղծված իրավիճակին։

 

«Եվ ընդհանրապես շատ կարևոր է, որ անենք հնարավորը, որ հանկարծ իրավիճակը չապակայունանա, որովհետև դրանից առաջին հերթին և գլխավորապես օգտվելու է թշնամին»,- ընդգծել է Բաբայանը։

 

Լրատվամիջոցի հետ զրույցում Բաբայանն անդրադարձել է նաև տարածվող այն խոսակցություններին, որ առաջիկայում Արցախի իշխանությունները պատրաստվում են հայտարարություն տարածել, որ Ակնայի ճանապարհով սննդամթերք ներմուծելուն իբրև այդքան էլ դեմ չեն․ 

 

«Տեսեք, խնդիրը ինչի մեջ է՝ մենք երբևիցե չպետք է Ակնայի ճանպարհը նույնացնենք, ավելին՝ փոխարինենք Բերձորի միջանցքի հետ, որովհետև դա լինելու է կատաստրոֆա։ Կգործարկվի այդ ճանապարհը, չի գործարկվի, սա լրիվ այլ հարց է, բայց փոխարինելը կլինի Արցախի վերջը»,- մատնանշել է Բաբայանը։

 

Հարցին, իսկ ընդունելի՞ տարբերակ է լինելու հայկական կողմից ուղարկված բեռների մուտքը, թե՞ նաև ադրբեջանական, Բաբայանը նշել է․ «Եթե Բերձորի միջանցքը չի գործարկվում և ամեն ինչ պետք է Աղդամով տարվի, առանց այն էլ Բերձորի միջանցքը գրեթե օկուպացված է Ադրբեջանի կողմից, հենց որ սկսվեց Բերձորի միջանցքը փոխարինվել Ակնայի ճանապարհով, վե՛րջ, միջանցք չի լինելու, սա մենք պետք է լավ հասկանանք։ Հիմա, եթե Ադրբեջանը ուզում է բարի կամքի դրսևորում ցուցաբերի և Ակնայի ճանապարհը գործարկի, խնդրեմ, բայց խնդիրն ինչի՞ մեջ է, որ դա չի կարող լինել Բերձորի միջանցքի հաշվին։ Բերձորի միջանցքը հատուկ կարգավիճակ ունի։ Ինչ վեչաբերում հարցին՝ արդյոք կընդունե՞ն ադրբեջական կողմից ուղարկվող բեռները, ես տեղյակ չեմ նման բաներից, դրանք տեխնիկական խնդիրներ են»։