
Երևանում պարեկներին եռյակը չկարողացավ մոլորեցնել. հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց

Այսօր՝ օգոստոսի 21-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները ժամը 15:30-ի սահմաններում Շենգավիթ վարչական շրջանում ծառայություն կատարելու ժամանակ ստուգման նպատակով կանգնեցրել են Opel մակնիշի ավտոմեքենա:
Ինչպես հայտնում է shamshyan.com- ը, ավտոմեքենայում եղած 3 ուղևորները տարօրինակ վարքագիծ են դրսևորել, ինչը կասկած է հարուցել և պարզվել է, որ այդ կասկածները իզուր չեն: Այդ 3 անձանցից մեկի՝ Երևանի բնակիչ 29-ամյա Օնիկ Հ.-ի մոտ, ով եղել է վարորդը, անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Արարատ» գրառմամբ մետաղական տուփ, որի մեջ եղել է սև կպչուն ժապավենով փաթեթավորված 15 փաթեթ: Նշված անձինք, ավտոմեքենայով հանդերձ, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու հիմքով պարեկների կողմից ձերբակալվել և տեղափոխվել են Ոստիկանության Շենգավիթի բաժին: Պարզվում է, որ այդ մետաղական տուփի մեջ եղել է ընդհանուր մոտ 11.93 գրամ քաշով «մեթանֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված, իսկ Օնիկ Հ.-ի ձեռքին եղած ծխախոտի տուփում հայտնաբերվում է չիպ փականով փաթեթավորված սպիտակ բյուրեղանման 1.26 գրամ քաշով «մեթանֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված:Ավտոմեքենայի ուղևորներից Երևանի բնակիչ 50-ամյա Մանուկ Մ.-ի մոտ հայտնաբերվել է ապակյա գլանակ մոխրացված հետքերով:
Opel-ը տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Դեպքի փաստով Ոստիկանության Շենգավիթի բաժնում ձևակերպվել են փաստաթղթղեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:Ավտոմեքենայում գտնվող մյուս ուղևոր, Լոռու մարզի 21-ամյա բնակիչ Շ. Մ.-ի մոտ ոչինչ չի հայտնաբերվել: