Հիասթափություն է առաջացնում․ Արցախի ԱԳՆ-ն՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստին առանձին պատվիրակությունների մասին
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախում հումանիտար աղետի վերաբերյալ տեղի ունեցած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի կապակցությամբ:
Ողջունում ենք 2023 թվականի օգոստոսի 16-ին կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ նվիրված Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում ծագած հումանիտար աղետի քննարկմանը։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում այն երկրներին, որոնք հավատարիմ մնացին միջազգային իրավունքի և հումանիզմի սկզբունքներին և իրենց ելույթներում ընդգծեցին Լաչինի միջանցքի հրատապ ապաշրջափակման և Արցախի կարիքավոր բնակչությանը կենսական նշանակության ապրանքների մատակարարման անհրաժեշտությունը։
Միևնույն ժամանակ, հիասթափություն է առաջացնում այն, որ առանձին պատվիրակություններ փորձել են երևակայական և չափազանց վտանգավոր հավասարակշռություն գտնել Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ ապրելու ցանկության և նրան բռնի ուժով հպատակեցնելու և ոչնչացնելու Ադրբեջանի նկրտումների միջև: Չի կարող լինել փոխզիջում, մի կողմից՝ ազատության, մարդկային արժանապատվության, խաղաղության և արդարության համընդհանուր արժեքների և մյուս կողմից՝ մարդկանց ֆիզիկական ոչնչացման նպատակով իրականացվող մարդու իրավունքների համակարգված և լայնածավալ խախտումների ծայրահեղ դրսևորումների միջև:
Ակնկալում ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրները կցուցաբերեն հետևողականություն և սկզբունքային դիրքորոշում Արցախի ժողովրդի նկատմամբ հետագա հանցավոր գործողությունները կանխելու գործում և իրենց դիրքորոշումը կամրապնդեն բանաձևի ընդունմամբ, որը կպարտավորեցնի Ադրբեջանին վերացնել Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումն առանց որևէ նախապայմանի և այլընտրանքային երթուղիների հետ փոխկապակցության՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությանը և Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին խիստ համապատասխան։ Հաշվի առնելով Ադրբեջանի հստակ ցեղասպանական մտադրությունը, ցանկացած փորձ՝ խոչընդոտելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ջանքերը՝ վերջ դնելու Արցախի անմարդկային պաշարմանը և հումանիտար աղետին, հավասարազոր կլինի լռելյայն հավանության, եթե ոչ մեղսակցության Բաքվի կողմից կատարվող հանցագործություններին:
Նմանատիպ հոդվածներ
Փալոնը՝ Վաշինգտոնի՝ Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրման ձգձգման մասին
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը կրկին դեմ է արտահայտվել Վաշինգտոնի կողմից Բաքվին ռազմական աջակցության տրամադրմանը՝ հաշվի առ...
Ռազմական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության ներուժ կա. կցորդ
Հայաստանի և Չինաստանի միջև ռազմական տեխնոլոգիաների, խաղաղապահ առաքելությունների ոլորտում համագործակցության զարգացման զգա...
Արձանագրեցին, որ սովամահ ենք լինում, շնորհակալ ենք, բայց դրանից ի՞նչ է փոխվում․ Բաբայանը՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստի մասին
ՄԱԿ-ի Անվտանգություն խորհուրդը պետք է հստակ բանաձև ընդունի, որովհետեւ ուղղակի հայտարարությունները ոչինչ չեն փոխի։ Այս մա...
Դավիթ Բաբայանն՝ Աղդամի ճանապարհը Բերձորի միջանցքին փոխարինելու մասին
Արայիկ Հարությունյանի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը չի մասնակցել Անվտանգությ...