ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանում 50 հազար հա անտառ է վերանում
Հայաստանում մոտ 50 հազ հեկտար ասեղնատերև անտառ՝ սոճուտ է ոչնչանում։ Անտառի մասսայական ու աղետալի ծավալների ոչնչացման պատճառը հիվանդությունն է, որի դեմ Կառավարությունը փաստացի պայքար չի տանում, իսկ շտապ պետք է վարակված ծառերը կտրել, արմատախիլ անել, վարակված փայտանյութն էլ վառել, կամ ջերմային (+56 և ավելի աստիճան) հատուկ մշակման ենթարկել։ Այս մասին տեսանյութ է տարածել լրագրող Նարինե Կիրակոսյանը։
«Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը վերջերս քննարկում էր կազմակերպել այս խնդրի վերաբերյալ, սակայն խոսել են միայն «Սևան ազգային պարկի» տարածքում, սկզբում 8 հազ հատ սոճիների, հետո ևս 10 հազար հատ արդեն չորացած սոճիների մասին։ Սակայն, աղետալի է իրավիճակը ասեղնատերև անտառների համար ոչ միայն Սևանի ավազանում, այլ ամբողջ Հայաստանում։ Նախարարությունում գիտության ոլորտի երկարամյա փորձ ունեցող մասնագետներ չկան, չի մշակվում նաև վարակի վերացման գործողությունների պլան։ Այնուամենայնիվ, ԱՄՆ-ում բնակվող գյուղատնտեսության գիտությունների թեկնածու, անտառային տնտեսության մասնագետ Կարեն Տեր-Ղազարյանի կարծիքով կարծիքով ասեղնատերև ծառերի համատարած չորանալը նեմատոդա անվամբ հիվանդության պատճառով է։ Նրա խնդրանքով հնաբան-բուսաբան Իվան Գաբրիելյանը Հայաստանի տարբեր վայրեր է այցելել, այդ թվում Վրաստանի Սահմանային Պրիվոլնոյե գյուղի սոճուտ, Սյունիքում Գեղվա գետի հովիտ և այլ վայրեր Հայաստանում, որտեղ սովետական շրջանում հիմնվել էին սոճուտներ։
Այդ տնկովի ասեղնատերև անտառներն էլ հենց վարակվել են։ Ի դեպ 1960-80 թթ այդ սոճուտները հիմնելու նպատակով սերմեր էին բերվել Ուկրաինայի Չեռնիգովի մարզից։ Մասնագետի խոսքով նեմատոդայով վարակը նկատվել է Հայաստանում առաջին փուլում 2017 թվականին։ Սակայն պատկան մարմինները ոչ մի գրագետ և իրատեսական միջոցառում չեն ձեռնարկել, վարակը կանգնեցնելու, հետո էլ վերացնելու ուղղությամբ։ Անգործության արդյուքում Հայաստանը կարող է հայտնվել միջազգային բույսերի անվտանգության, այսինքն ֆիտոսանիտարական արգելքների գոտի։ Նման դեպքում հայտարարվում է կարանտին և բոլոր պահանջվող միջոցառումներից հետո միայն Հայաստանը կարող է նորից արտահանել փայտից ստացված որևիցե ապրանք»,- ասվում է տեսանյութի մեջ։
Տեսանյութում լրագրող Նարինե Կիրակոսյանը խնդրել է Մեղրու տարածաշրջանի գյուղատնտեսության գծով խորհրդատու, անտառագետ Գևորգ Մարգարյանին մանրակրկիտ բացատրել, թե ի՞նչ վտանգ է Հայաստանի համար ներկայացնում նեմատոդով վարակումը։
Մանրամասները՝ տեսանյութում։